Մամուլ

Սասուն Խաչատրյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարություններին

Մարտի 1-ի գործով քննչական խումբը որևէ կաշկանդվածություն չունի, առկա տվյալներից ելնելով, գործում նոր անձանց ներգրավելու հարցում: Գործի հանգամանքների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն չի ցանկանում տալ, լինելու է բաց դատավարություն, և հանրությունը կհամոզվի, որ ամբողջ ծավալով քննությունը կիրականացվի:

Անդրադառնալով հույժ գաղտնի թիվ 0038 հրամանին՝ ՀՔԾ պետը նա նշել է․ «Շատ կարևոր է, որ այս հրամանը ստորագրվել է փետրվարի 23-ին, այսինքն՝ այն ժամանակ, երբ ոչ մի տվյալ չկար, որ մարտի 1-ին լինելու էին խժդժություններ, այսինքն՝ անհասկանալի էր, թե ինչու պիտի բանակը ներգրավվի այդ գործընթացներում։ Շատ կարևոր է այն, որ մի ժամանակ շատ շահարկվում էր, որ սահմաններում լարվածություն է եղել․ այդ լարված իրավիճակում սահմանից զորքը բերվում է, տեղակայվում Երևան քաղաքի մոտակայքում, որը ոչ մի լավ բանի չէր կարող բերել, և ինչպես տեսանք մարտի 1-ը դրա վառ ապացույցն էր»:

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությանը, թե զորքերը անցել են զորանոցային վիճակի, իսկ հրամանն էլ բանակը հետագա գործընթացներին չներքաշվելու համար է եղել, Խաչատրյանն ընդգծել է, որ պաշտպանող կողմը կցանկանար, որ այդպես լիներ:

Անդրադառնալով հայտարարություններին, թե «Օրակարգից դուրս» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՔԾ պետը խախտել է անմեղության կանխավարկածը՝ Սասուն Խաչատրյանը պատասխանել է. «Ես չեմ կարող մեկնաբանել նրանց կարծիքները, ես անմեղության կանխավարկած չեմ խախտել: Նրանք իրավաբաններ են, կարծիքներ են հայտնում, իրավունք ունեն: Ծիծաղելի են հայտարարությունները, թե ես դատարանի վրա ճնշում եմ գործադրում: Ազդեցություն դատավորի վրա կարող է ունենալ այն պաշտոնյան, ով դատավոր է նշանակում: Սասուն Խաչատրյանը հիշեցրել է, որ Հատուկ քննչական ծառայությունն ապաքաղաքական մարմին է»:

 

Կիսվել