Սաուդյան Արաբիայի Առևտրային պալատի ղեկավարը կոչ է արել բոյկոտել «թուրքական ամեն ինչ»
Սաուդյան Արաբիայի Առևտրային պալատի ղեկավարը կոչ է արել բոյկոտել «թուրքական ամեն ինչ»
Սաուդյան Արաբիայի Առևտրային պալատի ղեկավար Աջլան ալ-Աջլանը կոչ է արել բոյկոտել «թուրքական ամեն ինչ», այդ թվում` ներմուծում, ներդրումներ և զբոսաշրջություն` հայտարարելով, որ դա «յուրաքանչյուր սաուդցու պարտականությունն է», հաղորդում է Al Arabiya-ն:
«Բոյկոտել թուրքական ամեն ինչը` լինի դա ներմուծման, ներդրման կամ զբոսաշրջության մակարդակում, դա յուրաքանչյուր սաուդցու` վաճառողի եւ սպառողի, պարտականությունն է` ի պատասխան Թուրքիայի կառավարության շարունակական թշնամանքին մեր ղեկավարության, մեր երկրի եւ մեր քաղաքացիների նկատմամբ»,- գրել է ալ-Աջլանը Twitter-ում:
Պարբերականը փոխանցում է, որ եթե այդ կոչը լսվի, դա կազդի հազարավոր թուրք արտահանողների վրա Թուրքիայում տնտեսական ճգնաժամի ընթացքում:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Պարսից ծոցի որոշ երկրներ Թուրքիային որպես իրենց թիրախ են ընտրել եւ տարածաշրջանը «ապակայունացնող» քաղաքականություն են վարում:
«Պետք չէ մոռանալ, որ այդ երկրների անցյալը հարցականի տակ է, եւ, հավանաբար, դրանք վաղը չեն լինի, սակայն, Ալլահի թույլտվությամբ, մեր դրոշը հավերժ ծածանվելու է այս տարածաշրջանում»,- ասել էր Էրդողանը: