Սաշիկ Սարգսյանի որդին Իսպանիայից մեքենայով գնացել է Գերմանիա. ինչո՞ւ իրավապահները չեն կարողանում գտնել նրան
Օգոստոսի 21-ին ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու` Նարեկ Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել.
«Նարեկ Սարգսյանը գտնվում է միջազգային հետախուզման մեջ, մենք համագործակցում ենք Ինտերպոլի հետ: Մենք իրականացնում ենք այդ գործընթացը, թույլ տվեք չմանրամասնել, բայց այնպիսի տեղեկություններ կասեմ ձեզ, որ ոնց որ թե մեր տեսադաշտում շուտով կլինի»: Անցել է երկու ամիս, սակայն Նարեկ Սարգսյանը դեռեւս չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, ԱԱԾ-ն Նարեկ Սարգսյանի նկատմամբ հուլիսի 6-ից հայտարարել էր հետախուզում: Վերջինս եւ իր թիկնապահ Արտեմ Պետրոսյանը հետախուզվում էին ՀՀ քր. օր. 235-րդ հոդվածի 2-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) եւ 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքներով: Նրանց նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Ավելի ուշ Արտեմ Պետրոսյանը ինքնակամ ներկայացավ իրավապահներին:
Եվ ահա երկու ամիս է անցել, սակայն մինչ օրս Նարեկ Սարգսյանը չի հայտնաբերվել: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները արձանագրել են, որ Հայաստանը լքելուց հետո Նարեկ Սարգսյանը որոշ ժամանակ գտնվել է Իսպանիայում, ապա մեքենայով գնացել է Գերմանիա, այնտեղ եւս կարճ ժամանակ է մնացել եւ կրկին մեքենայով գնացել այլ Եվրոպական երկիր:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները արձանագրել են, որ նա հիմնականում շրջում է մեքենայով, ասել է թե` կոնկրետ մեկ վայրում չի մնում երկար, որպեսզի տեղի իրավապահներին հաջողվի նրան ձերբակալել եւ հանձնել Հայաստանի իրավապահներին:
Ի դեպ, ավելին` իրավապահները արձանագրել են, որ Եվրոպական երկրներում Նարեկ Սարգսյանը որեւէ խախտում չի իրականացնում, որ գոնե նման դեպքի արդյունքում հայտնվի արտերկրի իրավապահների ձեռքում, եւ նրան ձերբակալեն ու տեղափոխեն Հայաստան: Ու մինչ իրավապահները փնտրում եմ Նարեկ Սարգսյանին, նրա քրեական գործի շրջանակներում կալանքի տակ է գտնվում 4 թիկնապահ: Մեզ հայտնի դարձավ, որ Նարեկ Սարգսյանը արտերկրում մենակ չէ:
Աղբյուր՝ armlur.am