Սամվել Կարապետյանի ընտանիքի համար շատ աջակցության ծրագրեր ենք արել, բոլոր գործարարների կողքին ենք. Պապոյան
Հայաստանի անկախության ընթացքում երբևէ այնպիսի բարենպաստ ներդրումային միջավայր չի եղել Հայաստանում, ինչքան 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե Սամվել Կարապետյանի օրինակն ունենալով, արդյո՞ք գործարարների համար ՀՀ-ն գրավիչ է ներդրումային առումով, թե` ոչ:
Պապոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր գործարարների կողքին է: Չի կարող գործարարն իրեն դիմել և նա այդ հարցին ընթացք չտա:
«Դա բոլորը գիտեն, անկախ քաղաքական հայացքից, անկախ այդ գործարարն ինձ սիրում է, իշխանությանը սիրում է, թե՝ ոչ: Մենք քիչ առաջ խոսում էինք Կարապետյանների ընտանիքի մասին, Կարապետյանների ընտանիքի համար Էկոնոմիկայի նախարարությունը և Կառավարությունը բազմաթիվ աջակցության ծրագրեր են իրականացրել, և բոլորի համար էլ իրականացնում է, որպեսզի Հայաստանում շարունակեն ներդրումներ անել և տնտեսական գործունեություն ծավալել», – ասել է Գևորգ Պապոյանը: