Մամուլ

Սամվել Կարապետյանը պատասխանել է Ալիևի մեղադրանքներին

Սամվել Կարապետյանը պատասխանել է Ալիևի մեղադրանքներին

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանն անհիմն ու անհեթեթ է անվանել ԼՂՀ զենք մատակարարելու վերաբերյալ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքները, գրում է Sputnik Armenian։

Կարապետյանը հիշեցրել է, որ ինքը միշտ տարածաշրջանում խաղաղության կոչով է հանդես եկել։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ մեղադրել էր մեծահարուստ հայ  գործարարներին (այդ թվում Սամվել Կարապետյանին) քաղաքացիական ինքնաթիռներով ԼՂՀ հակամարտության գոտի զենք տեղափոխելու մեջ։

կարգո

«Ադրբեջանի նախագահի մեղադրանքներն արմատապես անհիմն ու անհեթեթ են, նրա ասածը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Մեծ մտավախություն է առաջացնում այն, որ նման հայտարարությունները հնչում են նման բարձր մակարդակով։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես միշտ ԼՂՀ–ում խաղաղության կոչ եմ արել ինչպես խոսքերով, այնպես էլ գործերով», – ասել է գործարարը։

Նա հավելել է, որ եղել է նրանց թվում, ովքեր սոցիալական օբյեկտներ են կառուցել տարածաշրջանում։

«Ի դեպ, այդ մենք էինք կառուցում այն հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները, որոնք այսօր ռմբակոծում է ադրբեջանական բանակը` միևնույն ժամանակ չխնայելով խաղաղ բնակչությանը։ Եվս մեկ անգամ ուզում եմ կրկնել իմ դիրքորոշումը. այս հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով և Ռուսաստանի միջնորդությամբ», – ընդգծել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիրը։

Սամվել Կարապետյանը նաև հայտարարել է, որ շարունակելու է Հայաստանին օգնություն ցուցաբերել։

«Կցանկանայի հատուկ ընդգծել, որ ես միշտ եմ հայ ժողովրդին աջակցություն ցուցաբերել և մտադիր եմ հետագայում շարունակել բացառապես մարդասիրական և սոցիալական ծրագրերի իրականացումը տարածաշրջանում»,–շեշտել է նա։

Կիսվել