Մամուլ

Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ են ուղղել, տեսախցիկները ֆիքսել են

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում , այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։

Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը։ Մեզ հասած տվյալներով դրանք Քարվաճառի և Մարտակերտի հրոսակախմբերն են, որոնց պարագլուխներն են Բալայան Ալեքսեյ, Այդինյան Ռոլանդ, Միրզոյան Գրիգորի անուններով՝ արցախցիների մեջ քաջ հայտնի երիտասարդները։ Ի դեպ, կրակողներից մեկը եղել է սպիտակ Տոյոտա Քեմրի ավտոմեքենայում, որը պատկանում է Բալայան Ալեքսեյին։

Այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ նախագահի թեկնածու , «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Բազմիցս օգտվելով Արայիկ Հարությունյանի հովանավորչությունից, այս բանդայի կարկառուն պարագլուխներից Ռոլանդ Այդինյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից։ ՀՀ ԱԱԾ-ն այս առումով կարող է դիմել Արցախի Շահումյանի շրջանի ԱԱԾ կառույցին և նրանից պահանջել, թե ինչ քրեական պատասխանատվությունների է ենթարկվել տվյալ անձը, ինչու չի կրել այդ պատասխանատվությունը, և ում շնորհիվ են կարճվել բոլոր գործերը։

Քանի որ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ-ի տարածքի այդ հատվածում, տուժողներն էլ հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ, կոչ ենք անում բոլոր պատկան մարմիններին, հատկապես ՀՀ ԱԱԾ-ին, հետամուտ լինել այս բանդան գտնելու և չեզոքացնելու գործընթացին, այլապես այս ամենը կարող է ավարտվել արյունահեղությամբ։

Քանի որ տղաները պատերազմ անցած և զինվորական կառույցներում աշխատած տղաներ են, նրանք ունեն բավականին լայն ու ընդգրկուն թիմ, և հաշվի առնելով Սամվել Բաբայանի գործոնը, նրանց հանդարտեցնելու վերջինիս ձգտումները, նրանց հակահարվածը միայն ժամանակի խնդիր է։ Մենք պարտավոր ենք տեղյակ պահել իրավապահ մարմիններին այս ոչ առողջ և հանցավոր մթնոլորտի մասին։

Իսկ եթե իրավապահ մարմինները հետամուտ չլինեն այս ամենի բացահայտմանը, ապա մենք ստիպված կլինենք կիրառել նույն մեթոդները և պատասխան հասցնել նույն ոճով, որովհետև այլ ելք չի մնում։

Արցախի բոլոր շրջաններում այսպիսի կազմակերպված բանդաները, որոնք հայտնի են իրենց հանցավոր գործելաոճով, ահ ու սարսափ են տարածում ազգաբնակչության մեջ։ Հասկանալով, որ այլևս հնարավոր չէ հին հանցավոր դիրքերը պահպանել, այսպիսի գործելաոճն ուղղում են երկրում վախի մթնոլորտը կայուն դիրքերում պահելուն։

Ի դեպ կան լուսանկարներ, որոնք կարող ենք ներկայացնել իրավապահ մարմիններին»։

Կիսվել