Մամուլ

Սահմռկեցուցիչ դեպք Երևանում․ ոստիկանները քաշքշելով բնակարանից դուրս են շպրտել քաղցկեղով հիվանդ 70-ամյա տղամարդուն

Սահմռկեցուցիչ դեպք Երևանում․ ոստիկանները քաշքշելով բնակարանից դուրս են շպրտել քաղցկեղով հիվանդ 70-ամյա տղամարդուն

Չհանդուրժելով տարեց հարևանի նկատմամբ կիրառվող բռնություններն ու արժանապատվությունը նվաստացնող գործողությունները, այդ ամենը կանխելու և իրավապահներին ինչ-որ կերպ զսպելու նպատակով, նաև քաջատեղյակ լինելով ՀՔԱՎ գրասենյակի գործունեությանը` 2020 թ. ապրիլի 17-ին գրասենյակ է ահազանգել Երևանի բնակիչ Ա.Հ.-ը:

Մինչ այդ նա զանգահարել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։

«Սրտացավ հարևանը մեզ տեղեկացրեց, որ նույն օրն իրենց հարևանին՝ Գլինկա 6/73 հասցեի բնակիչ, 70-ամյա Ռ.Ն.-ին ոստիկանները բռնի ուժով, քաշքշելով բնակարանից դուրս են հանում: Քաղաքացու նկատմամբ նման բռնի գործողություններ 2 օր առաջ էլ են տեղի ունեցել:

Ա.Հ.-ի պատմելով՝ իր հարևանի բնակարանը որպես նվիրատվություն բաժին է հասել փաստաբան Թ. Հ.-ին, թե ինչ հանգամանքներում՝ անհայտ է.

«Պատճառը շատ անհասկանալի է ու անհայտ, թե ինչու են նրան հանում տնից, որովհետև դա այդ մարդու տունն է, ինքն այդտեղ մենակ է բնակվում, որդիները մահացել են, որից հետո ձեռք է բերել հոգեկան խնդիրներ:

Իր կնոջ պաշտպանն է եղել այդ փաստաբանը, կինը ողջ է, բայց թե ոնց է այդ փաստաբանին նվիրատվություն արել, անհասկանալի է, որովհետև Ռ.Ն.-ն էլ բաժին ունի այդ բնակարանից, բայց տեղյակ չի եղել նվիրատվությունից»:

Շենքը, որում այժմ ապրում է Ռ.Ն.-ը, կառուցվել է հենց նրա հին տան տեղում, նա այդ թաղամասում վաղուց է բնակվում: Ա.Հ-ի տեղեկություններով՝ տարեց հարևանը, հոգեկան խնդիրներից բացի, նաև քաղցկեղ ունի:

«Ռ.Ն-ին ոստիկանություն տանելու և այնտեղ գտնվելու էդ ամբողջ ընթացքում Թ. Հ.-ը նրա տան բոլոր իրերը ջարդում ու բակ էր շպրտում, կոտրել էր նաև դրսի դուռը, իսկ ոստիկանությունն ուղղակիորեն աչք էր փակում այս ամենի վրա»:

Ա. Հ.-ը ՀՔԱՎ գրասենյակին պատմել է, որ ոստիկանները շարժվում են փաստաբան Թ. Հ.-ի ցուցումներով, ինչ ասում է՝ այդպես էլ անում են: Ինքը 2 օր առաջ էլ է փորձել միջամտել.

«Ես էդ կնոջն ասել եմ, մի՛ արա, հիվանդ մարդ ա, երեկ էլ ասեցի, էն էլ էն եղավ, որ ոստիկանությունն եկավ էդ մարդուն տարավ»: Ժամեր անց ոստիկանությունը բաց է թողել Ռ.Ն.-ին»:

Կիսվել