Մամուլ

«Ռ. Քոչարյանի գործով գլխավոր դատախազին ուղղված Արցախի և ՀՀ պատգամավորների միջնորդություններն ուղղորդվում են Մելիք Ադամյանից». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Որևէ կասկած չկա, որ գլխավոր դատախազին ուղղված ՀՀ և Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորների կողմից ներկայացված միջնորդությունները՝ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու մասին, ուղղորդվում է նույն կենտրոնից, և այդ կենտրոնը Մելիք-Ադամյան փողոցն է:
Հատկանշական է, որ նշված երկու միջնորդություններում առկա պատգամավորների ցուցակները գլխավորում են Ազգային Ժողովների նախագահները:
Ակնհայտ է, որ փորձ է արվում Ռ. Քոչարյանի գործի շուրջ ստեղծել քաղաքական մթնոլորտ՝ շահարկելով նրա՝ Արցախի Հանրապետության 1-ին և ՀՀ 2-րդ նախագահ լինելու հանգամանքը:
Որոշ ժամանակ առաջ ինքս մտավախություն էի արտահայտել առհասարակ Ազգային Ժողովի պատգամավորների կողմից խափանման միջոցների փոփոխման նպատակով դատարանին կամ վարույթն իրականացնող մարմնին համապատասխան միջնորդություններ ներկայացնելու ձևավորված պրակտիկայի մասին՝ ընդգծելով, որ դա կարող է անուղղակիորեն դիտարկվել կամ ընկալվել ճնշում դատարանի կամ վարույթն իրականացնող մարմնի, կամ այդ մարմնի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազության վրա….

Հ.գ. Մարտի 1-ի գործով հարուցված քրեական գործի ողջ ընթացքը և հանգուցալուծումը պետք է իրականացնել բացառապես իրավական հարթության համատեքստում՝ բացառելով որևէ քաղաքական ներգործություն:
Հայաստանի Հանրապետությունում պետք է վերականգնվի պատժի անխուսափելիության սկզբունքը, և յուրաքանչյուր ոք, անկախ իր երբևէ ունեցած կարգավիճակից ու սոցիալական դիրքից, պետք է ենթարկվի պատասխանատվության իր կատարած քրեորեն պատժելի արարքի համար…»

Կիսվել