Մամուլ

«Ռուսաց լեզուն» առարկան դպրոցներում պարտադիր կարգավիճակից անցել է ըստ ցանկության

Sputnik Արմենիան գրում է․ Հայաստանում 2024-2025 ուսումնական տարում հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է պետական կրթական նոր չափորոշիչը։ Դեռ ամռան ամիսներին էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը օտար լեզուների դասավանդմանն առնչվող շրջաբերական է ուղարկել բոլոր դպրոցներին։

Պետական չափորոշիչով «Ռուսաց լեզուն» դեռ մնում է դասավանդվող առաջին և պարտադիր օտար լեզուն։ Սակայն շրջաբերականում ամեն ինչ այլ է՝ ուսումնական հաստատությունների մի շարք դասարանների համար «Ռուսաց լեզուն» հիմնական (պարտադիր) կարգավիճակից անցել է օտար լեզվի կարգավիճակի (ըստ ցանկության)։ Միաժամանակ յուրաքանչյուր օտար լեզվի համար հատկացվում է շաբաթական նվազագույնը 2 ժամ։

Այսինքն՝ որպես այդպիսին «Ռուսաց լեզու» անունով առարկան մնացել է միայն 4-րդ, 9-րդ (շաբաթական 3 ժամ), 11-րդ և 12-րդ դասարանների (շաբաթական 2 ժամ) ուսումնական պլանում։ 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարանների աշակերտների համար «Ռուսաց լեզու» առանձին առարկա չկա:

Կան «Օտար լեզու 1» և «Օտար լեզու 2» առարկաներ: Այս փոփոխությունը թյուրիմացության մեջ է գցել ուսումնական հաստատությունների տնօրեններին և ռուսերենի մասնագետներին։

Մի շարք դպրոցների տնօրեններ ոչ միանշանակ են արձագանքում այս իրավիճակին և օտար լեզուների միջև դասաժամերը բաշխում են «հին ձևով»։ Ըստ շրջաբերականի՝ նրանք իրավունք ունեն ինքնուրույն բաշխել օտար լեզվի ուսուցման համար հատկացված ժամերը և որոշել, թե որին են նախապատվությունը տալիս։

Ռուսերենի մի շարք մասնագետներ Sputnik Արմենիայի հետ զրույցում մտահոգություն հայտնեցին շրջաբերականում տեղ գտած «խմբագրումների» առնչությամբ։ Նրանք կարծում են, որ եթե ոչ այս տարի, ապա առաջիկա տարիներին «Ռուսաց լեզվին» հատկացված դասաժամերը կկրճատվեն և առարկան ամբողջությամբ կհանվի դպրոցական ծրագրից։

Կիսվել