Ռուսաստանից ռեկորդային գումար է եկել
Ռուսաստանից ռեկորդային գումար է եկել
168.am-ը գրում է․ Մասնավոր փոխանցումների տեսքով ֆինանսական միջոցների ահռելի ներհոսքը Հայաստան շարունակվում է։ Փետրվարին հերթական ռեկորդն է գրանցվել։ Գրեթե կրկնակի ավելի շատ գումար է եկել, քան հունվարին։
Կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալների համաձայն, այդ ամսին միայն բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել շուրջ 714 մլն դոլար։
Սա երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։
Մինչ այդ, ռեկորդային մուտքեր էին արձանագրվել անցած տարվա հոկտեմբերին, բայց այն ժամանակ դրանք 96 մլն դոլարով քիչ էին, քան ստացվել է այս տարվա փետրվարին։
Մուտքերի գերակշիռ մասը, ինչպես նախկինում, եղել է Ռուսաստանից․ շուրջ 714 միլիոնից գրեթե 601 միլիոնը ստացվել է այդ երկրից։
Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է ընդհանուր տրանսֆերտների ավելի քան 84 տոկոսը։ Նախորդ ռեկորդի համեմատ, որը գրանցվել էր հոկտեմբերին, Ռուսաստանից գրեթե 120 միլիոնով ավելի շատ գումար է եկել։
Պատկերացնելու համար, թե ինչպիսի ահռելի փոփոխություն է տեղի ունեցել տրանսֆերտային շուկայում, ասենք, որ փետրվարին Ռուսաստանից ստացված մասնավոր փոխանցումներն ավելի քան յոթ անգամ գերազանցել են նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը։
Նախորդ տարվա փետրվարին, երբ շատ բան դեռ այլ էր, և Ռուսաստանը դեռևս չէր հայտնվել համատարած պատժամիջոցների տակ, ֆիզիկական անձանց փոխանցումները կազմել էին ընդամենը 82 մլն դոլար։
Իրավիճակը փոխվել է մարտից հետո։
Ապրիլից նկատվեց մասնավոր փոխանցումների ակտիվություն Ռուսաստանից, որը գնալով ավելացավ։
Արդեն այս տարվա հունվար-փետրվարին Ռուսաստանից այնքան գումար է մտել Հայաստան, որքան մտել էր 2020թ․ ամբողջ տարվա ընթացքում։
Ի տարբերություն Ռուսաստանի, այլ երկրներից ֆինանսական հոսքերն էական փոփոխություն չեն կրել։
Միացյալ Նահանգներից փետրվարին ստացվել է ընդամենը 44 մլն դոլար, որը շատ չի տարբերվում նախորդ տարվա ցուցանիշից։ Նախորդ տարվա փետրվարին ԱՄՆ-ից բանկային համակարգի միջոցով ստացվել էր 41 միլիոն։
Մյուս բոլոր երկրների բաժինը ևս ընդհանուր մուտքերի մեջ մեծ չէ։ Դրանք կազմել են հազիվ 61 միլիոն։ Գրեթե այնքան, որքան անցած տարի։
Ֆինանսական միջոցների ահռելի հոսքը, որը եկել է Ռուսաստանից, անշուշտ, այն սովորական տրանսֆերտները չեն, որոնք նախկինում ստանում էին մեր քաղաքացիներն իրենց հարազատներից՝ կենցաղային խնդիրներ լուծելու համար։
Դրանք գումարներ են, որոնք գալիս են տարբեր նպատակներով։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում