Ռուսաստանը պետք է վերադարձնի Կարս-Արդահանը, Արարատը և Նախիջևանը
Ռուսաստանը պետք է վերադարձնի Կարս-Արդահանը, Արարատը և Նախիջևանը
lragir.am-ը գրում է․ Տարօրինակ կլիներ կոմունիզմից հեռացած Ռուսաստանին պահանջներ ներկայացնել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի առումով, որոնք ստորագրել են բոլշեւիկները, հայտարարել է հայ ժողովրդի բազմաչարչար բարեկամ, Լազարեւսկի կոմիտեի համակարգող, Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ հարցերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը:
Նրա խոսքով՝ կարելի է որքան ցանկանում եք վերլուծել եւ ապացուցել Ռուսաստանի այն ժամանակվա կառավարության ապաշնորհությունը, պատմական մեղքը կամ կարճատեսությունը, ինչպես նաեւ Լենինի հրամանագրերը Թուրքահայաստանի վերաբերյալ, որոնք փաստացի սահման էին գծում տասնամյակների ընթացքում այս հատվածում Ռուսաստանի տարածքային ձեռքբերումների տակ:
Զատուլինը նշել է ՌԽՖՍՀ-ի լրջագույն դերը Քեմալ Աթաթուրքին աջակցելու եւ նրա հաղթանակի հասնելու գործում, իսկ Թուրքիան շնորհակալությամբ է պատասխանել Երկրորդ աշխարհամարտի տարիներին եւ դրանից հետո, երբ դարձել է ՆԱՏՕ-ի անդամը: «Անցյալը կարելի է տարբեր կերպ գնահատել, բայց ես կողմնակից չեմ, որ մենք հիմա վերադառնանք 1921 թվականի պատմությանը», ասել է պատգամավորը:
Զատուլինը որպես հայ ժողովրդի բարեկամ կարեւոր խոստովանություններ է անում: Ինչ ասես արժեր նրա այն հայտարարությունը, որ Ռուսաստանն է թույլ տվել պատերազմը Արցախում:
Ինչ վերաբերում է 1921-ի պայմանագրի վերաբերյալ հայտարարությանը, այն պարզապես անգնահատելի է, նկատի ունենալով այս թեմայով խորհրդային ու հետխորհրդային շրջանի տաբուն ՌԴ-ում ու Հայաստանում: Հայաստանում հազվագյուտ զլմ-ներ ու մեկնաբաններ են խոսում այս թեմայով, խորհրդարանում միայն մեկ պատգամավոր համարձակվեց բարձրացնել այդ հարցը:
Ռուս-թուրքական այդ պայմանագրով Ռուսաստանը Թուրքիային նվիրեց Կարս-Արդահանը, Արարատը, Նախիջեւանը: Ընդ որում, Թուրքիայի կողմից նման պահանջներ չկային: Քեմալը Կարսում համաձայն էր հանրաքվեի, Արարատի եւ Նախիջեւանի մասին նախապես խոսք անգամ չկար: Դա նախքան ռուսների հետ համաձայնությամբ Կարսի նահանգի հայ բնակչությունը 1920-ին կոտորելն էր:
Էրդողանը հայտարարել է, որ մեծ շուքով պատրաստ են նշել պայմանագրի 100-ամյակը, որով էլ գծագրվել են իր երկրի արեւելյան սահմանները 1923-ին Լոզանի կոնֆերանսում: Հայաստանին կենսական տարածքներից զրկումը եւ անպաշտպանունակ սահմանները Ռուսաստանի ցանկությունն էին:
Զատուլինն ասում է, որ այդ պայմանագրերի մասով Ռուսաստանին պահանջներ ներկայացնելը տարօրինակ կլիներ: Այդ պարագային հարց է առաջանում՝ իսկ ինչ գործ ունի «կոմունիզմից հեռացած Ռուսաստանը» Ղրիմում:
Հայկական շրջանում ռուս-թուրքական գործակցությունը տեղի է ունենում 1921 թ. պայմանագրի տառի ու ոգու շրջանակում ու տրամաբանությամբ, եւ այդ առումով Ռուսաստանը, անկախ բոլշեւիկյան կամ պուտինյան լինելուց, այդ քաղաքականության շարունակողն է եւ պատասխանատուն: 2020-ի պատերազմն ու «հետպատերազմյա կարգավորումները» տեղի են ունենում ռուս-թուրքական համաձայնություններով (այդ մասին հայտարարել են ՌԴ ամենաբարձր պաշտոնյաները), որը 1921-ի պայմանագրի շարունակությունն է: