Մամուլ

Ռուսական ցորենով բեռնված 15 վագոններն առաջիկա ժամերին Ադրբեջանից կհասնեն Վրաստան, այնտեղից էլ՝ ՀՀ

Ռուսական ցորենով բեռնված 15 վագոններն առաջիկա ժամերին Ադրբեջանից կհասնեն Վրաստան, այնտեղից էլ կգան Հայաստան։

Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։

«Հացահատիկն արդեն ճանապարհին է, և շատ շուտով այն կլինի Հայաստանի տարածքում»,-նշեց Մելնիկովը։

Նրա խոսքով՝ սա շատ կարևոր իրադարձություն է, փաստացի նոր պատմություն երկաթուղու համար։

«Ղազախական հացահատիկն այսօր Ռուսաստանից կհասնի Ադրբեջան, և արդեն առաջիկա օրերին կլինի Հայաստանում։ Սա շատ կարևոր իրադարձություն է, այդ թվում՝ այն փաստը, որ այժմ հնարավոր է բեռներ հասցնել Հայաստան Ղազախստանից, այլ երկրներից և Ռուսաստանից»,-նշեց նա։

Նա վստահություն հայտնեց, որ երթուղին անկասկած պահանջված կլինի, և երկաթուղով բազմաթիվ բեռներ կհասցվեն Հայաստան։