Մամուլ

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Ալիևին

Ռուբեն Վարդանյանն արձագանքել է Ալիևին

Արցախի Պետնախախարար Ռուբեն Վարդանյանը անդրադառնալով Իհլամ Ալիևի այսօրվա հայտարարությանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ողջունում եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու ձգտումը: Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտ լինի:

Ողջունում եմ նաև միջազգային միջնորդությամբ ուղիղ բանակցությունների նոր ձևաչափի ստեղծումը: Միջազգային միջնորդների շարքում, ի թիվս Ռուսաստանի և ԱՄՆ-ի, անպայման պետք է ընդգրկված լինի Ֆրանսիան, որի սենատի՝ օրեր առաջ ընդունած բանաձևում կետ կար Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին:

Հիշեցնեմ, որ Ֆրանսիան նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է։

Կուզենայի նաև առաջարկել անցնել ավելի կառուցողական տոնի և պարզաբանումներ ստանալ, թե որն է, ըստ պարոն Ալիևի, իբրև թե իմ ունեցած «հստակ օրակարգը»։ Ես բազմիցս եմ ընդգծել, որ ռուսաստանյան քաղաքացիությունից հրաժարվել եմ՝ խուսափելու համար մեղադրանքներից, թե կարող եմ Արցախում ուրիշի շահերը պաշտպանել՝ արցախցիների շահերից բացի:

Կարծում եմ՝ լիովին համապատասխանում եմ պարոն Ալիևի առաջադրած բանակցողի չափանիշին՝ «ապրում է Ղարաբաղում և ցանկանում է ապրել այնտեղ»։

Պատերազմը միշտ պատերազմ է բերում։ Երբեմն դա տեղի է ունենում անգամ մի քանի սերունդ անց: Այսօր ագրեսիան դանդաղ գործողության ռումբ է՝ մեր երկու ժողովուրդների ապագա սերունդների համար:

Դա նշանակում է, որ երկու կողմերի առաջնորդները պետք է ստանձնեն ողջ պատասխանատվությունը, և որքան էլ դժվար լինի, նստեն բանակցությունների սեղանի շուրջ ու դադարեցնեն արյունահեղությունը»:

Կիսվել