Ռոհանի. Երբ հոգեպես անառողջ մարդ է իշխանության գալիս, նա խնդիրներ է ստեղծում իր երկրի եւ աշխարհի համար
Ռոհանի. Երբ հոգեպես անառողջ մարդ է իշխանության գալիս, նա խնդիրներ է ստեղծում իր երկրի եւ աշխարհի համար
Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները վկայում են արեւմտյան ժողովրդավարության թուլության եւ արեւմտյան երկրներում պոպուլիզմի ազդեցության մասին:
Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին` խոսելով Կապիտոլիումի մոտակայքում տեղի ունեցած անկարգությունների մասին, որոնց արդյունքում 4 մարդ է զոհվել, գրում է News.am-ը՝ հղում անելով Tasnim գործակալությանը:
«Այն, ինչ մենք տեսանք անցած գիշեր եւ այսօր ԱՄՆ-ում, իրոք ցույց տվեց, նախ, թե որքան թույլ է արեւմտյան ժողովրդավարությունը եւ որքան թույլ են դրա հիմքերը:
Մենք տեսանք, թե ինչ ազդեցություն ունի պոպուլիզմն այս երկրներում` չնայած գիտության եւ արդյունաբերության մեջ գրանցված ողջ առաջընթացին»,- ասել է նա:
«Մենք տեսանք, որ իշխանության եկավ պոպուլիստ (Դոնալդ Թրամփը) եւ ինչ վնաս հասցրեց նա իր երկրին: Նա փչացրեց իր երկրի հեղինակությունը: Նա խաթարեց ԱՄՆ-ի հարաբերություններն աշխարհի հետ»,- ասել է Ռոհանին:
Նա ընդգծել է այն «հսկայական վնասը», որը Թրամփը հասցրել է Արեւմտյան Ասիային, հատկապես` Պաղեստինին, Սիրիային եւ Եմենին, ինչպես նաեւ աշխարհի բոլոր տարածաշրջաններին: «Մենք տեսանք, երբ մի (հոգեպես) անառողջ մարդ գալիս եւ պաշտոն է ստանձնում, ինչ խնդիրներ է ստեղծում իր երկրի եւ աշխարհի համար»,- ասել է նա:
Ռոհանի հույս է հայտնել, որ Սպիտակ տան ապագա ղեկավարները կվերադարձնեն այն իմաստության, օրենքի գերակայության դիրքին, որին արժանի է Ամերիկայի մեծ ժողովուրդը:
Նախօրեին չորս մարդ էր մահացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների` Կոնգրեսի շենք ներխուժման հետեւանքով, ովքեր նպատակ ունեին թույլ չտալու նրան հաստատել ընտրված նախագահ Ջո Բայդենի հաղթանակը: