Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ չէ, ինչպես գիտեք՝ ինքը հանցագործ է, մարդ է սպանել. Սարգիս Քլոյան
Դեռեւս մեկ տարի առաջ անիրական էր թվում Մարտի 1-ի գործի բացահայտումը եւ այդ գործով բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրանք առաջադրելը:
Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ սույն գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել նախկին բարձաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը, նրա մտերիմներից ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, 2008-ին Գլխավոր շտաբի պետի պաշտոնը զբաղեցնող Սեյրան Օհանյանը:
Մարտի 1-ին սպանվածԳոռ Քլոյանը 2008-ին 29 տարեկան էր, երկու երեխայի հայր: Նրա հայրը՝ Սարգիս Քլոյանը, մեր զրույցում նշեց, որ Մարտի 1-ի գործով լիարժեք բացահայտում կլինի երկու տարի անց միայն:
Սարգիս Քլոյանի հետ զրույցը ստորեւ.
– Պարոն Քլոյան, դուք Մարտի 1-ի գործը բացահայտված համարո՞ւմ եք, թե՝ ոչ:
– Առայժմ՝ ոչ, բայց ամբողջական բացահայտմանը հավատում եմ, այն բացահայտված կհամարեմ մոտ երկու տարի հետո, որովհետեւ նախաքննություն է հիմա ընթանում, իսկ գործը շատ մեծ է: Հիմա գործը սկսել են բուրգից՝ վերեւից ներքեւ են իջնում, երբ վերեւի, մեջտեղի բուրգը անցնենք, հերթը կհասնի ներքեւին: Ես հավատում եմ, որ անմիջապես ձգան քաշողներն էլ կպատժվեն, հրաման տվողներն էլ, մասնակիցներն էլ, գեներալներն էլ եւ այլն:
– Այժմ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ քննվող քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, դուք ծանոթացե՞լ եք գործի նյութերին:
– Գործի նյութերը տրամադրել են, մեր փաստաբան Վահե Գրիգորյանը վերցրել է եւ մեզ ծանոթացրել է արդեն:
– Կարո՞ղ եք որոշ դրվագներ նշել, մասնավորպես Սերժ Սարգսյանի ցուցմունքներին ծանո՞թ եք:
– Սերժ Սարգսյանին հարցաքննել են մոտ 6 ժամ, որպես վկա, հետո չգիտեմ՝ նորից կհրավիրեն, թե՝ ոչ: Ցուցմունքներին ծանոթ չեմ, բայց Քոչարյանից մի քանի մասի ծանոթ եմ:
– Մասնավորապե՞ս:
– Այն, որ ասում է՝ ես 8:30-ին եմ տեղյակ եղել Մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում տեղի ունեցած գործողություններից: Այնինչ, իր անվտանգության պետ, գեներալ Գրիշա Սարկիսովը իրեն անտե՞ր էր թողել, եկել Ազատության հրապարակ, ղեկավարում էր գործողությունները, ինչպե՞ս կարող էր նա իր գերագույն գլխավոր հրամանատարին անտեր թողնել եւ գալ, ուրեմն հենց Ռոբերտ Քոչարյանն է իրեն կարգադրել, որ՝ գնա, այնտեղ տիրություն արա:
Մենք պնդում ենք, որ անմիջապես բոլոր հրամաննները տվել է Ռոբերտ Քոչարյանը, այդ թվում՝ 0038 հրամանը, որ զինվորներին ներգրավել է ներքաղաքական զարգացումներին, որի իրավունքը չուներ, իրավունք չուներ սահմանը թուլացներ եւ բերեր նրանց Երեւան:
– Քոչարյանի, Օհանյանի, Խաչատուրովի պաշտպաննեը պնդում են, որ մինչ արտակարգ դրություն հայտարարելը բանակը ներգրավված չի եղել ներքաղաքական զարգացումներին…
– Բանակը ներգրավված է եղել հենց փետրվարի 23-ից, եղել է զորանոցային կարգավիճակում, բանակը շուտվանից էր պատրաստ եղել: Մինչ արտակարգ դրություն մտցնելը ես զինվորներին տեսել եմ Մելիք Ադամյան փողոցում, զինվորական մեքենաներ, տանկեր:
– Դուք թավշյա հեղափոխությունից հետո ցուցմունք տվե՞լ եք:
– Ոչ, մենք գնացել ենք ՀՔԾ, որպեսզի իմանայինք, թե մեր երեխեքի սպանությունների դրվագով գործն ինչ փուլում է: Մեզ ասացին՝ մի շտապեք, մի քիչ ժամանակ տվեք:
– Պարոն Քլոյան, Ռոբերտ Քոչարյանը իրեն քաղբանտարկյալ է համարում, նաեւ իրֆեյսբուքյան պաշտոնական էջում, ֆեյսբուքում ընդհանրապես, գովազդներ են դրվում, ամեն կերպ փորձելով նրան դրական լույսի ներքո ներկայացնել, սա ըստ ձեզ՝ ի՞նչազդեցություն ու հետեւանք կարող է ունենալ:
– Սա ոչ մի բան չի կարող փոխել, նա հիմա գումարներ է ծախսում, ինչպես գիտեք, մի քանի Հեռուստաընկերություններ է առել, փաստաբաններ վարձել, ինչ-որ ուզում են մթնոլորտը կեղտոտել, ինչ-որ խաղեր են տալիս, բայց դա չի աշխատի, որովհետեւ ժողովուրդը 70 տոկոսով հավանություն է տվել Նիկոլ Փաշինյանին, Քոչարյանը ոչ մի բան չի կարող անել:
Քոչարյանը քաղբանտարկյալ չէ, ինչպես գիտեք՝ ինքը հանցագործ է, մարդ է սպանել, երկիր թալանել, ի՞նչ քաղբանտարկյալի մասին է խոսքը, բոլորս գիտենք՝ նա ով է եղել. 10 տարի երկիր է ղեկավարել, 39 աղմկոտ սպանություն է իր օրոք կատարվել, ի՜նչ քաղբանտարկյալի մասին է խոսքը:
– Մեր զրույցում մեկ տարի առաջ նշել էիք, որ նոր ուժերի գալու դեպքում մեղավորներըպատասխանատվության կենթարկվեն, հիմա գործն, ըստ ձեզ, առաջ ընթանո՞ւմ է, ձեզայս գործընթացը բավարարո՞ւմ է:
– Մենք հասկանում ենք, որ պրոցեսը պետք է երկար տեւի, մաքուր լինի, որպեսզի հետագայում գործերը չգնան ՄԻԵԴ, 10 տարի սպասել ենք, մի տարի էլ կսպասենք:
– Ասել էիք, որ Գոռի կինն ու որդիները արտագաղթել են, հեղափոխությունից հետոնրանք վերադարձե՞լ են:
– Դեռ՝ ոչ, դպրոց են գնում, մի երկու տարի հետո կտեղափոխվեն արդեն:
Գոռ Քլոյանը վնասվածք էր ստացել Մաշտոց եւ Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի կամրջին, ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մահացել էր: Նա սպանվել է «Չերյոմուխա 7» հատուկ միջոցով:
10 անձանց սպանության հանգամանքները, մեղավոր անձանց շրջանակը դեռ բացահայտված չէ:
Աղբյուր՝ armtimes.com