Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է. նրա հարցաքննության ժամը հայտնի է
Ռոբերտ Քոչարյանը արդեն Հայաստանում է եւ վաղը՝ հուլիսի 26-ին, կներկայանա ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով հարցաքննության: Նա այս գործի շրջանակում դեռ վկայի կարգավիճակ ունի:
ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը այսօր մեր զրույցում ասաց, որ Քոչարյանի հարցաքննության օրը չի փոխվել եւ նրա գրասենյակից չներկայանալու մասին նախաքննական մարմնին որեւէ տեղեկություն չեն հայտնել:
Մեզ հաջողվեց ճշտել, որ նրա հարցաքննությունը վաղը կսկսվի կեսօրին՝ ժամը 12:00-ին. հարցաքննությունը կտեսաձայնագրվի, այդպես է ցանկացել հենց ինքը՝ Քոչարյանը:
ՀՔԾ-ն Քոչարյանին հարցաքննության էր կանչել հուլիսի սկզբին, բայց քանի որ նա գտնվում էր արտերկրում, ՀՔԾ-ն այսպես ասած սպասել էր մինչեւ նրա գալը: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Քոչարյանին հարցաքննելու է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը: Սույն գործը վերաբացելուց եւ ըստ էության քննելուց հետո Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը փոխվել է. մինչ հեղափոխությունը քննչական խմբի ղեկավարը արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանն էր: Մեր հարցին, թե ճի՞շտ է այն տեղեկությունը, որ դուք այլեւս Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը չեք, Հակոբյանը հետեւյալ պատասխանը տվեց. «Կխնդրեի նմանատիպ հարցերով կապնվեիք ծառայության մամուլի խոսնակի հետ եւ պարզաբանումներ ստանաք նրանից»:
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, սակայն, քննչական խմբի ղեկավարի փոփոխության վերաբերյալ մեր հարցին այս փուլում պատասխանել չցանկացավ: Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, թե Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մուշեղ Բաբայանն է: Վերջինս, սակայն, մեր զրույցում հերքեց այդ տեղեկությունը. «ապատեղեկատվություն է»,- ասաց նա: Այս պահին ՀՔԾ-ն գաղտնի է պահում, թե ով է Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը եւ ով է Քոչարյանին հարցաքննելու:
Նշենք, որ հուլիսի վերջին հարցաքննության ներկայանալու խոստում տվել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Մեր զրույցում ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջյանը, սակայն, չասաց՝ Խաչատուրովն արդեն հարցաքննվե՞լ է, թե ոչ, փոխարենը նա խոստացավ այդ մասին տեղեկություն փոխանցել ավելի ուշ:
Նյութի աղբյուրը՝ armtimes.com