Ռոբերտ Քոչարյանը դատարանում երկու ժամ ելույթ է ունեցել. նա մանրամասն ներկայացրել է 2008թ. փետրվարի 23-ի իրավիճակը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մինչև փետրվարի 4-ը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ քննությունը։ Նիստի ներկա է եղել նաև ՀՀ երկրորդ նախագահը։
Ռ. Քոչարյանի շահերի պաշտպան Հայկ Ալումյանը նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև Ռոբերտ Քոչարյանը, ով մանրամասն ներկայացրել է 2008 թվականի փետրվարի 23-ի այն իրավիճակը, որը կար մայրաքաղաքում։
«Մասնավորապես՝ նշեց, որ տեղեկատվություններ էին ստացվում, որ ՀՀ զինված ուժերում աշխատանքներ էին տարվում, որպեսզի բանակը միանա ցուցարարաներին։ Որ պաշտպանության փոխնախարարները, որոնցից մեկը՝ ԵԿՄ ղեկավարը, ԵԿՄ վարչությունում խմորումներ էին սկսել, որպեսզի երկրապահ կամավորականներն էլ միանային ցուցարարներին։
Ստեղծված իրավիճակում նա ցուցում է տվել Պաշտպանության նախարարին, որպեսզի ապահովի բանակի չեզոքությունը, ցուցումը բանավոր է եղել։ Բացի այդ, նաև ասել է, որ այն բարձրաստիճան սպաները, որոնք պատրաստվում են իրենց ծառայությունը շարունակել բանակում, պետք է զերծ մնան ԵԿՄ-ում տեղի ունեցող գործողություններից, հակառակ դեպքում՝ կարող են բանակից դուրս գալ և գնալ ԵԿՄ։Պարոն Քոչարյանի ելույթը տևեց երկու ժամ»,- ասաց Հ. Ալումյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ անդրադարձել են նաև «0038» հրամանին, որի ընթացքում Ռ. Քոչարյանն ասել է, որ այդ հրամանին ծանոթանալուց հետո տեսել է՝ «այնտեղ որևէ բան չկա, որը կարող էր այդպես չլինել, այլ լինել ուրիշ ձևով»։
«Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ ինչպես Պաշտպանության նախարարի ցանկացած հրաման, այնպես էլ «0038» հրամանը ո՛չ իր ժամանակ, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Սերժ Սարգսյանի ժամանակ երբևիցե չեն ուղարկվել նախագահական, որպեսզի նախագահն այդ հրամանին ծանոթանա։ Կարծում եմ՝ այդ հրամանն իր մեջ չի պարունակում որևէ դրույթ, որով կարելի է Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք առաջադրել կամ նույնիսկ նախատել։ Ձեզ այդ հրամանի մասին ապատեղեկացրել են»,- շեշտեց Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 18-ին Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը բավարարել էր ՝ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ, սակայն մերժել էր պաշտպանների՝ Ռ. Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ ներկայացրած միջնորդությունը: Որոշումը Ռ. Քոչարյանի փաստաբանական խումբը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում։
Աղբյուր՝ 168.am