Մամուլ

Ռեստորաններից մեկում՝ գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել․ կա վիրավոր

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Կոտայքում գործող ռեստորաններից մեկում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը։

Նշվում է, որ խնջույքի մասնակիցների թվում է եղել Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը:

Ըստ նույն տեղեկությունների՝ գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, որի հետևանքով վիրավորվել է հարևան սեղանի շուրջ նստած քաղաքացին, ով առնչություն չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:

Ըստ տարածվող տեղեկությունների՝ դեպքից անմիջապես հետո Տիրան Խաչատրյանը փախուստի է դիմել: Իրավապահները որոնում են նրան:

ՆԳՆ ոստիկանությունից էլ «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ հունվարի 11-ին՝ ժամը 23:00-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղում կռիվ է։ ժամը 23:39-ին էլ «Աբովյան» Բ/Կ-ից է հաղորդում ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ. ծնված մի տղամարդու։

«Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»,- հավելել են կառույցից:

Կիսվել