ՌԴ-ի բանտերից մեկում գտնվողի հարազատները դատի են տվել ՀՀ արդարադատության նախարարությանը. պահանջում են իրենց երեխային
Armlur.am-ի տեղեկություններով՝ ՌԴ-ում ցմահ ազատազրկվածի հարազատները դատի են տվել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ պահանջելով, որ Ռուսաստանի Դաշնությունում պատիժը կրող դատապարտյալ Գեղամ Ամիրի Անայանին (ծնված՝ 08.02.1987թ.) փոխանցել Հայաստանի Հանրապետություն՝ պատժի մնացած մասը կրելու նպատակով։
2010 թվականին մամուլը գրել էր, որ ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ` Ռուսաստանի Պերմ քաղաքում 23-ամյա հայաստանցի Գեղամ Անայանը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել «երկու և ավելի անձանց կանխամտածված, շահադիտական նպատակներով սպանության և կողոպուտի, մեքենայությունների» համար:
Քննության տվյալներով, 2007թ-ին Անայանը կապեր է հաստատել տուժած ընտանիքի` 20-ամյա երիտասարդի, նրա մոր և քրոջ հետ, որոնք զբաղվում էին ձեռնարկատիրական գործունեությամբ: Որոշելով կորզել նրանց գումարները` նա առաջարկել է զբաղվել համատեղ բիզնեսով և միասին 220 հազարական ռուբլի դնել գործի մեջ: Ստանալով նրանց փողերը` Անայանը որոշել է սպանել ընտանիքին:
Նախ հանցագործն անտառ է տարել և սպանել երիտասարդին, ապա երկու կանանց, որոնց նա սպանել է հրացանով: