Մամուլ

Ռաֆայելը 16-ամյա խեղդած աղջկան կանգառից հետևել է պլանշետը գողանալու համար

Ռաֆայելը 16-ամյա խեղդած աղջկան կանգառի հետևել է պլանշետը գողանալու համար։

Երեւանում խեղդամահ հայտնաբերված 16-ամյա Սառա Կարապետյանը մինչեւ իններորդ դասարանը սովորել է Արտաշատի թիվ 1 դպրոցում: «Մեր դպրոցը չի ավարտել, այստեղից տեղափոխվել է Ոստանի դպրոց, մեր դպրոցում ինքը սուսիկ-փուսիկ, արտառոց պահվածք չի ունեցել, լուռ երեխա էր »,- Aravot.am-ին պատմեց դպրոցի տնօրեն Թինա Մարգարյանը:

Ոստանի դպրոցի տնօրեն Գեղամ Արշակյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ հիանալի աշակերտուհի է Սառան եղել. «Շատ հիանալի երեխա է եղել, ուսումնառության բավականին բարձր մակարդակ ուներ: Այդ երեխային հետեւող չի եղել երեւի, ինձ մոտ տեղափոխվեց թիվ 1 դպրոցից, մայրը չի հարմարվել կոլեկտիվի անդամների հետ, որոշել են գործերը տեղափոխել մեզ մոտ: Անձամբ իմ հսկողության տակ է եղել, դասղեկի հետ կարողացել ենք այդ երեխայի մոտ զսպվածություն ձեռք բերել, ոչ թե վարքի, այլ դպրոց հաճախելու առումով: Ինքը դժվար դպրոց հաճախող երեխա էր, ծնողը երեւի մատների արանքով էր նայում, բերեց դպրոց, ու երեխան սկսեց բացակայել, դասղեկին հանել, ուղարկել եմ իրենց տուն:  

Խնամված ընտանիք չէր, էդ կինը ոնց որ երկրորդ անգամ էր ամուսնացել, Արտաշատի տղա էր, հեռվից ճանաչում եմ, բանվոր էր, եկավ, ասացի՝ Սառան դպրոց չի գալիս, խոստացավ ամեն առավոտ բերել, տանել, մի քանի օր բերեց, հետո հայրը Ռուսաստան գնաց ու էդպես…Երեխան ամենաբարձր միավորներն է  ստացել միասնական քննություններին:  7 աշակերտ մեր դպրոցից դիմումով դուրս եկավ՝ Արտաշատի պետական հումանիտար քոլեջ գործերը տալու, 7-ից 6-ը չեն անցել մրցույթը, հետ են եկել մեր դպրոց, նորից ընդունել եմ, 7-ից մեկը, որ քոլեջ ընդունվել է, Սառան էր»:

Սառայի մայրը՝ Նելլի Կարապետյանը աշխատում է Ազատավան գյուղում գործող Գետափ տաքսի ծառայությունում, Ազատավան համայնքի ղեկավար Պետիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Սառան շատ խելոք երեխա էր: Նա նաեւ ասաց՝  Նելլի Կարապետյանն իրեն անձամբ է պատմել, որ, դեպքի օրը Երեւանում Սառան կանգառում կանգնած է եղել՝ ընկերուհու պլանշետը ձեռքին, սպանության մեջ մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանը նրան հետեւել է առանց ճանաչելու, Սառայի հետեւից գնացել է, հասել է տուն: Երբ աղջիկը  դուռը բացել է, Ռաֆայելը հրել է նրան, հետեւից  ներս մտել, պլանշետը փորձել է տանել, բայց քանի որ պլանշետը ընկերուհունն է, Սառան դիմադրել է, երիտասարդն էլ խեղդել է, պլանշետը հետը տարել: Պարոն Ղազարյանն ասաց նաեւ, որ Սառայի վարձակալած բնակարանն էր, տատիկն էլ պատրաստվում էր գնալ թոռան հետ ապրելու այդ բնակարանում:

Ի դեպ, որոշ տեղեկություններ կան, որ Սառան Ռաֆայելի ընկերուհին է եղել, նրանց ընկերությունը արդեն մի քանի տարի է՝ շարունակվել է, իսկ նշված պլանշետում եղել է նյութ,  որի շուրջ Ռաֆայելը վիճել է աղջկա հետ, ստիպել՝ այն ջնջի, իսկ Սառան դիմադրել է, սպառնացել հրապարակել այն: Ինչի շուրջ էլ վիճել են: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ Սառայի մորից՝ Նելլի Կարապետյանից: Մեզ հետ զրույցում նա ասաց.

«Դատաբժիշկը տեղեկանք է տվել, որ իմ աղջիկը կույս է եղել, ասաց՝ ով էդ երեխայի բարոյականության մասին բան ասի, էս թուղթը կկոլոլես, բերանը կմտցնես, որ ծոծրակից դուրս գա: Ուսանող երեխա է եղել, ե՛ւ աշխատել է, ե՛ւ սովորել է, էդ էլ իր վարձած բնակարանը չէր, ընկերուհու բնակարանն է, այդտեղ 10  րոպեի ինտերվալ է եղել, այդ բնակարանում ապրել է շեկլիկ աղջիկ, իմ երեխեն սեւ, երկար, մուգ մազերով երեխա է եղել, բանալին տվել է, բարձրանա վերեւ, իր ծննդյան օրն է եղել, իմ երեխան այդ ոչնչությանը չի ճանաչել, ոչ մի շեղող հարց չկա: Ինչ եք ուզում իմանալ: Իմ երեխեն, եթե այդ տղու հետ ապրել է, ինչու պետք է խեղդեր»:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել