Մամուլ

Ջենիֆեր Լոպեսի ելույթը հիմա էլ վնասել է Ուզբեկստանի մարզադաշտի խոտածածկը

Ամերիկացի փոփ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո վնասվել է Ուզբեկստանի «Բունյոդկոր» մարզադաշտի խոտածածկը, որը ծառայում է Ուզբեկստանի ֆուտբոլի ազգային հավաքականին և համանուն ակումբին: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Համերգից հետո խաղադաշտի խոտածածկը լրջորեն վնասվել է, և, ըստ լրատվամիջոցների, դրա վերականգնումը կարող է տևել մոտ երկու ամիս՝ խաթարելով առաջիկա ֆուտբոլային հանդիպումների անցկացումը:

Նմանատիպ իրավիճակ արձանագրվել էր նաև Հայաստանում: Երևանում Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո խոտածածկի վնասման պատճառով վտանգված էր Կոնֆերենցիաների լիգայի որակավորման «Արարատ-Արմենիա» — «Սպարտա» հանդիպման անցկացումը: Բացի այդ, սեպտեմբերի 6-ին Երևանում նախատեսված է 2026 թվականի Աշխարհի առաջնության որակավորման Հայաստան-Պորտուգալիա խաղը:

Ինչպես հաղորդում է Sports.kz-ը՝ հղում անելով Championat.Asia-ին, Ուզբեկստանի ֆուտբոլի ասոցիացիան մեկնաբանել է «Բունյոդկոր» մարզադաշտի խոտածածկի վիճակը.

«Մենք ջանքեր ենք գործադրում խաղադաշտը վերականգնելու համար: Շուտով կստանանք հատուկ պատրաստուկներ, որոնք կօգնեն վերականգնել խոտածածկը: Եթե դաշտը պատրաստ չլինի CAFA գավաթի եզրափակչին, խաղը կտեղափոխվի այլ մարզադաշտ»: