Պրանկերները Փաշինյանի անունից Յունկերին հրավիրել են խորոված ուտելու
Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը Նիկոլ Փաշինյանի անունից Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ քննարկել են միջազգային իրավիճակը և հրավիրել նրան Երևան խորոված ուտելու։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Յունկերի հետ զրույցում դժգոհել են ԱՄՆ-ի կողմից ճնշումներից: Ի պատասխան, եվրոպացի պաշտոնյան հայտարարել է, որ «մենք ստիպված ենք կրկին ու կրկին բացատրել պարոն Թրամփին, թե ինչպես է աշխարհը կառուցված»: «Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում: Եվ մենք պետք է համոզվենք, որ նա կսկսի ավելի լավ գիտակցել Հայաստանում տեղի ունեցածը: Ամեն ինչ լավ է: Հաջողություն եմ մաղթում»,- ասել է Յունկերը:
Պրանկերը նաև հրավիրել են Եվրոպական հանձնաժողովի ղեկավարին Երևան, որտեղ «գերազանց հայկական բարբեքյու են պատրաստում, մեզ մոտ այն «խորոված» են անվանում: Վովան և Լեքսուսը Յունկերին առաջարկել են խորոված պատրաստել Երևանի հրապարակում և «յուրատեսակ հանրահավաք» անցկացնել: «Վատ չի հնչում: Ես կգամ հաջորդ տարի: Այս տարի այլևս հնարավոր չէ, իսկ հաջորդ տարի մենք հարմար ժամկետներ և հնարավորություն կգտնենք»,- ասել է Յունկերը: