Պռոշյան գյուղում 29-ամյա Գեղամ Ջանոյանը «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վթարի է ենթարկվել․ նրա կյանքը փրկել չի հաջողվել
Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գեղամ Ջանոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակը, ապա մի քանի պտույտ շրջվելով բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր շրջված հայտնվել բնակչի քարե շինության մոտ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Գեղամ Ջանոյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 26-ամյա Ռաֆիկ Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել դիատարին։