ԱշխարհՄամուլ

Պուտինին զայրացնելը ծանր հետևանքներ է ունենալու

Պուտինին զայրացնելը ծանր հետևանքներ է ունենալու

Aravot.am-ը գրում է․ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ խոսեց Ռուսաստանի հետ համագործակցության մասին՝ նշելով, որ մեր երկրները հնարավորինս բարձր եւ արդյունավետ կերպով փոխգործակցել են եւ փոխգործակցում են իրավիճակից լուծում գտնելու համար՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Ռուսաստանը նաեւ հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ եւ Հայաստանի ռազմավարական գործընկերը։

«Ես կարծում եմ` այս երկու կարգավիճակի բերումով Ռուսաստանը մինչեւ օրս արել է առավելագույնը եւ սրանից հետո էլ կանի առավելագույնը, սրանում չեմ կասկածում», ասաց Փաշինյանը՝ հավելելով.

«Մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը` որպես Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից։ Իսկ սա հատված է Փաշինյանի՝ իրանական IRNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցից.

նիկոլ փաշինյան

«Ադրբեջանի կողմից լայնորեն օգտագործվում են իսրայելական ԱԹՍ-ներ, եւ հենց այդ փաստը նույնպես վկայում է, որ կան արտաքին ուժեր, որոնք միջամտում են, այսինքն՝ միջամտությունները տարբեր կերպ են լինում: Բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերակատարությունից, որեւէ այդպիսի միջամտություն, միջնորդություն նկատելի չէ:

Բայց փաստն այն է, որ նաեւ Մինսկի խմբի համանախագահող երկրները չեն կարողանում ազդեցություն ունենալ ներկայիս իրադարձությունների վրա, եւ այդ առումով հենց այսպիսին է իրավիճակը:

Այսինքն՝ նրանք, ճիշտ է, հայտարարություններ անում են, դիրքորոշումներ հայտնում են, բայց իրավիճակի վրա իրական ազդեցություն ունենալ չեն կարողանում, դա փաստ է»: Ի՞նչ եզրակացություններ կարելի է անել Փաշինյանի երկու ուղերձներից:

Միակ պետությունը, որը Թուրքիային ու Ադրբեջանին իրենց իսկ սանձազերծած լայնամասշտաբ պատերազմում կարող է կանգնեցնել՝ դա ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան են, այլ՝ Ռուսաստանը:

Պուտին Փաշինյան

Ավելին՝ դատելով Փաշինյանի ելույթի որոշ նրբերանգներից եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը 3 շաբաթից ավելի բավական ակտիվ աշխատում է՝ պաշտոնական Երեւանը գոհ է ռուսական ջանքերի արդյունքներից: Պատահական չէր, որ Փաշինյանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի՝ մոսկովյան այսօրվա այցից եւ Լավրովի հետ բանակցություններից հետո արձանագրեց ռուսական աջակցության կարեւորությունը, ապա նուրբ անցում կատարեց առաջնագծում տիրող իրավիճակին.

«Արցախի ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում։ Այստեղ կա շատ կարեւոր նրբություն. մեր դիտարկումները ցույց են տալիս, որ հակառակորդը մարտի է նետում արդեն իսկ վերջին ռեզերվները։ Այո, նրանց ռեսուրսները շատ-շատ մեծ են, բայց մեր հերոս զինվորները աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում»։

Նկատենք, որ հոկտեմբերի 21-ին Մոսկվայում կայացան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի առանձին-առանձին հանդիպումները։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հասնելու ու խնդրի կայուն կարգավորման հետ կապված հրատապ հարցերը։

Այն փաստը, որ Ռուսաստանը կրկին հրավիրեց կողմերին հանդիպման՝ նշանակում է, որ Մոսկվան դժգոհ է հրադադարի պահպանման եւ խոշոր հաշվով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին ջանքերի համատեքստում Էրդողանի ու Ալիեւի՝ պատերազմը շարունակելու քաղաքականությունից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել