ՊՆ ծառայողը Opel-ով բախվել է քարերին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
ՊՆ ծառայողը Opel-ով բախվել է քարերին. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 53-ամյա Լյուդվիգ Բ-ն իր վարած Opel մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Միքայել Միքայելյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Ճամբարակի Ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ 5-րդ կայազորի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սահակ Մխիթարյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով Ս. Մխիթարյանի որոշմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում։