Մամուլ

ՊՆ զինծառայողները փրկել են Կարմիր գրքում գրանցված գորշ արջի հյուծված քոթոթին

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին հուլիսի սկզբներին ՀՀ ՊՆ զինծառայողներն ահազանգել էին Վայոց ձոր-Արարատ սահմանագոտում ուժասպառ և անօգնական վիճակում գտնվող արջի քոթոթի մասին։

Նույն օրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, ՀՀ Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջի 4 ամսական հյուծված քոթոթին փոխանցել էին Երևանի «Ֆաունա-Զօօ» ՍՊԸ-ի վայրի կենդանիների վերականգնողական կենտրոն՝ անհրաժեշտ նախնական խնամք և բուժօգնություն ստանալու նպատակով։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ շուրջ երեք շաբաթ նախնական կազդուրման և վերականգնման շրջանը հաղթահարելուց հետո արջի ձագը տեղափոխվել է Ուրցաձորի Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամի կենդանիների ապաստարան, որտեղ մշակված ծրագրով, բնական միջավայրում կկազմակերպվի կենդանու հատուկ խնամքը՝ հետագայում քոթոթին վայրի բնություն բաց թողնելու համար։