Պետք է ամեն ինչ անենք, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026թ. ընտրությունները․ Սրբուհի Գալյան
Ճիշտ չէ սահմանադրական փոփոխությունները կապել որևէ արտաքին գործոնների հետ: Դա մեր ներքին հարցն է, մեր ժողովրդը կորոշի՝ ուզու՞մ է ունենալ նոր Սահմանադրություն, թե՝ չի ուզում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Նա նշել է, որ պետք է ամեն ինչ անեն, որ Սահմանադրության նոր տեքստը պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրությունները:
Գալյանը հիշեցրել է, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկսվել է դեռևս 2018 թվականի հեղափոխությունից անմիջապես հետո, և այս ընթացքում իշխանությունները շարունակաբար բարձրաձայնել են այդ ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
«Բազմիցս անդրադարձել եմ այն հարցին, թե երբ են սկսել աշխատանքները նոր Սահմանադրության կամ սահմանադրական փոփոխությունների աշխատանքների հետ կապված, և պատմության էջերը թերթելով, հանրությունը ևս համոզվել է, որ դա տեղի է ունեցել հեղափոխությունից անմիջապես հետո», – ասել է Սրբուհի Գալյանը