Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շնորհիվ փրկվել է 151 կյանք
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շնորհիվ փրկվել է 151 կյանք։ Փետրվարի մեկից գործում է բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթվածների թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի ծրագիրը:
Կաթվածի անհետաձգելի վարման ծառայությունների կազմակերպման հիմքում պացիենտի մոտ «գլխուղեղի սուր և/կամ ենթասուր իշեմիկ կաթված» ախտորոշումն է:
Այսինքն` պետական պատվերը գործում է գլխուղեղի իշեմիկ կաթվածի կլինիկական նշանների ի հայտ գալու պահից 24 ժամվա ընթացքում` ներառյալ տեղափոխման ժամանակահատվածը, ինչպես նաև, եթե պացիենտը չունի թրոմբոլիտիկ բուժման և մեխանիկական թրոմբէկտոմիայի հակացուցումներ:
Նշենք, որ այս ծառայությունները կազմակերպվում են մասնագիտացված կաթվածի համապարփակ կենտրոններում, որոնք են «Էրեբունի» բժշկական կենտրոնը և Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիրը:
Մեկնարկից առայսօր ծրագրի շրջանակներում բուժօգնություն է ստացել 180 քաղաքացի, որոնցից շուրջ 55%-ը Երևանի բնակիչներ են, իսկ 45%-ը` Հայաստանի մարզերից: Փաստացի, փրկվել է 151 կյանք, ցավոք, 29 մարդու կյանք հնարավոր չի եղել փրկել: Արդյունքում` նվազել է նաև հաշմանդամությունը: