ՊԵԿ պաշտոնյաները սրճարաններից մեկում ստացել են 1.000.000 դրամ կաշառք. ԱԱԾ
ՊԵԿ պաշտոնյաները սրճարաններից մեկում ստացել են 1.000.000 դրամ կաշառք. ԱԱԾ
ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության աշխատակիցները պարզել են, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետը, նախնական համաձայնության գալով նույն բաժնի 2 օպերլիազորների հետ, միավորելով իրենց ջանքերը, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել հարկային վարչարարություն և ապահովել հարկային պարտավորությունների կատարումը, Երևան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ընկերության հիմնադրի և փոխտնօրենի օգտին իրենց լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի անգործության՝ հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված խախտումները մասամբ չարձանագրելու, ինչպես նաև ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար պահանջել և նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2021 թվականի հոկտեմբերի 16-ին Երևան քաղաքում գտնվող սրճարաններից մեկում անձամբ ստացել են խոշոր չափերով՝ 1.000.000 ՀՀ դրամ կաշառք, որից անմիջապես հետո ինչպես պաշտոնատար անձինք, այնպես էլ կաշառք տվողը բռնվել և բերման են ենթարկվել Ազգային անվտանգության ծառայություն: Կատարված անձնական խուզարկությամբ օպերլիազորներից մեկի մոտից հայտնաբերվել և առգրավվել է կաշառքի ամբողջ գումարը ծրարի մեջ դրված վիճակում:
Բացի դրանից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ նշված օպերլիազորներից մեկը 2021 թվականի մարտից սեպտեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող 5 անձանցից պահանջել և ստացել է տարբեր չափերի կաշառքներ, ինչպես նաև նախնական համաձայնության գալով իր բաժնի մեկ այլ օպերլիազորի հետ, 2021 թվականի սեպտեմբերի 22-ին տնտեսվարողներից մեկի ներկայացուցչից ստացել են խոշոր չափերով՝ 200.000 ՀՀ դրամ կաշառք:
Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել են ՊԵԿ 4 պաշտոնատար անձինք, նրանց կաշառք տված անձանցից 3-ը, որոնց՝ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Նույն օրը նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան:
Կոռուպցիոն սխեմայի հնարավոր բոլոր դրվագները, դրանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և յուրաքանչյուր արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ քննչական իրադրությունից բխող անհրաժեշտ դատավարական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին՝ իրենց գործունեությունը ծավալել բացառապես օրինական դաշտում, ձեռնպահ մնալ պետության տնտեսական հիմքերի կայունությանը սպառնացող կոռուպցիոն տարաբնույթ դրսևորումների մեջ ներգրավվելուց և զգուշացնում, որ այդպիսիք արժանանալու են կոշտ հակազդեցության:
Տեսանյութը ստորև