Պարոն Վարչապետ, Ձեր թիմի պաշտոնյաներին վարակեք օրենքի պահանջները կատարելու նկատմամբ Ձեր օրինակով. Բախշյան
Պարոն Վարչապետ, Ձեր թիմի պաշտոնյաներին վարակեք Օրենքի պահանջները կատարելու նկատմամբ Ձեր հետեւողական օրինակով: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր բաց նամակում գրել է Հանրային խորհրդի անդամ, Կրթության տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Պարոն Փաշինյան, երեկվա հարց ու պատասխանի ժամանակ օգտատերերից մեկը Ձեզ հարց ուղղեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ երբ պետք է աշխատի բոլորի փոխարեն: Դուք օգտատերերի հարցին ֆեյսբուքի ուղիղ եթերով իրավացիորեն ասացիք, որ աշխատում եք բացառապես Ձեր փոխարեն ու շարունակեցիք․
«Անձի համար, որը ցանկանում է քիչ աշխատել, երկրի ղեկավարի պաշտոնը նրանը չէ», «Ես՝ որպես վարչապետ, որպես քաղաքական գործիչ ու մարդ, չափից ավելի մեծ ուշադրություն եմ կենտրոնացնում ինձ վրա, եւ ուրիշների կատարած աշխատանքը լավ չի երեւում»:
Լավ եք ասում, բայց նկատեմ, որ ակնհայտ է այն երեւույթը, որ Դուք մինչեւ հրապարակավ կամ ոչ, չեք հանձնարարում, իրավական համակարգից ոչ մեկը չի համարձակվում սեփական նախաձեռնությամբ որոշում կայացնել, այդ պատճառով էլ նման տպավորություն ունի մեր հասարակությունը, որից մեկն էլ ես եմ։
Ձեր մասին ոչինչ չունեմ ասելու, Դուք իսկապես շատ եք աշխատում, բայց Ձեր թիմի որոշ անդամների աշխատավայրում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի ՕԳԳ-ն շատ ցածր, որովհետեւ արդյունքը չի երեւում։ Մասնավորապես, նկատի ունեմ կրթության ոլորտը, որտեղ առաջնային եւ երկրորդային խնդիրները հստակեցված չեն եւ դրանց լուծման ուղղությամբ իրականացվող գործողություններն արդյունավետ չեն։ Հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը ոլորտում ուղղակի տեղապտույտ է տալիս։
Տեսեք, Դուք երեկ հանձնարարեցիք կատարել քննիչի այս որոշումը «Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետ, մայոր Ս. Ոսկանյանին 2019 թվականի ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման կատարումը» : Սակայն հարգելով անմեղության կանխավարկածը, Դավիթ Սանասարյանին պաշտոնանկ չարեցիք։
Տեղյա՞կ եք արդյոք, թե ԿԳ նախարարության ենթակայության քանի՞ դպրոցների տնօրենների նկատմամբ կան հարուցված գործեր՝ «պաշտոնական դիրքի չարաշահում» հիմնավորմամբ, բայց նրանք շարունակում են պաշտոնավարել, որովհետեւ դատախազության քննիչները չեն «կողմնորոշվում» նրանց մեղադրանք առաջադրելու մեջ, որոնց մասին անձամբ տեղյակ է ԿԳ նախարարը, բայց անհայտ պատճառով Ձեզ պես քննչական մարմիններից չի պահանջում գործել օրենքով եւ պաշտպանել պետական շահն այն դեպքում, երբ կրթական օջախներն ակնհայտորեն տուժում են նման տնօրենների կամ բուհերի ռեկտորների պաշտոնավարումից։
Խոսեմ փաստերով, որոնք հանրապետության յուրաքանչյուր մարզում կան եւ որոնց մասին մի՛շտ գրել եմ։ Վերջին հրապարակումներս եղել են 2018թ․ նոյեմբերի 5-ին «Տեսնես էլ ի՞նչ խախտում պետք է թույլ տա տնօրենը, որ դատախազը կիրառի օրենքը, իսկ ԿԳՆ-ում՝ անհանգստանան» եւ 2018թ․ հոկտեմբերի 3-ին «ԵՊՀՄ-ից Գորիսի համալսարան, ռեկտորի գործունեության ձեռագիրը չի փոխվում» վերնագրերով։
Առաջին հոդվածում ներկայացրել եմ փաստ, երբ բոլոր հիմքերը կան, որպեսզի Երեւանի Նոր նորք վարչական շրջանի վարույթ իրականացնող քննիչի կողմից Երեւանի թ․ 42 ավագ դպրոցի տնօրենի նկատմամբ (ԿԳՆ ենթակայության դպրոց է), կիրառվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մասն ու ժամանակավորապես կասեցվի տնօրենի պաշտոնավարումը, սակայն մինչ օրս այդ գործողությունը չի կատարվել ու դպրոցում կրթության կազմակերպման գործընթացը օրըստորե հյուծվում է։
Այս ընթացքում գործող տնօրենը, փաստորեն ոչ միայն խոչընդոտում է նախաքննությանը, այլեւ հասցրել է իր դեմ ցուցմունք տված փոխտնօրենին եւ մի քանի ուսուցիչների ազատել աշխատանքից, որոնք, իհարկե ձեռքները ծալած չեն նստել, դիմել են դատարան ու բոլորովին չի բացառվում, որ դատարանի որոշմամբ որոշ անձինք կվերականգնվեն։
Երկրորդ հոդվածս Գորիսի պետական համալսարանի ռեկտորի ապօրինի որոշումների մասին է, երբ աշխատանքից ազատեց համալսարանի երիտասարդ դասախոսների, ովքեր դատարանի որոշմամբ վերականգնվեցին։ Որքանով տեղյակ եմ, ռեկտորի նկատմամբ կան նաեւ չարաշահումների հետ կապված հարցեր։
Կրկնում եմ սույն հոդվածում հնչեցրածս հարցը՝ ինչքա՞ն կարելի է հանդուրժել նման ռեկտորի գործունեությունը, տարիներ շարունակ բարձրագույն կրթությանը էլ ի՞նչ վնասներ պատճառի այս ռեկտորը, որ ԿԳ նախարարության համար պարզ դառնա նրա անհամատեղելիությունը ընդհանրապես բարձրագույն կրթության կազմակերպման հետ:
Կարծում եմ, քանի դեռ ԳՊՀ-ն ՊՈԱԿ է եւ ըստ իր կանոնադրության ԿԳ նախարարությունը որպես լիազոր պետական մարմին վերահսկողություն է իրականացնում համալսարանի գործունեության նկատմամբ, ԿԳՆ-ն շատ արագ այս ռեկտորի պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշում պետք է կայացներ, բայց անհայտ պատճառով չի կայացնում:
Բավական է վերհիշենք այս ռեկտորի մասին նախկինում հրապարակված մի քանի հոդվածներ՝ 2010թ. ապրիլի 14-ին Առավոտում հրապարակված «ԽԱԽՏՈՒՄՆԵՐ՝ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ», 2007թ. մայիսի 19-ի «Եվս մեկ բաց նամակ՝ երկրի առաջին դեմքերին: Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանն իր տեղում չէ», 2007 թ․ մարտի 15-ի «Փո՞ղ են լվացել» եւ այլն:
Ինչո՞վ է պաշտպանված, ավելի ճիշտ՝ ո՞ւմ կողմից է պաշտպանված Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, հաստատ՝ ոչ իր գործունեության արդյունավետությամբ։
Պարոն Փաշինյան, հարցրեք ԳՊՀ ՊՈԱԿ-ի խորհրդում հիմնադրի կողմից նշանակված անդամ, ԿԳ նախարարի օգնական, Ա․ Առստամյանին, թե որպես այս վերահսկող մարմնի անդամ ի՞նչ քայլեր է արել բուհում վիճակը շտկելու համար, ինչո՞ւ ԳՊՀ-ի կանոնադրության 14-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն չի դիմել ԿԳ նախարարին՝ կասեցնելու կամ ուժը կորցրած ճանաչելու ռեկտորի ՀՀ օրենքներին հակասող հրամանները։ Իհարկե նկատի ունեմ դատարանի որոշմամբ երականգնված համալսարանի 2 դասախոսների հեռացման հրամանները։
Ինչեւէ, այսքան երկար գրեցի հաստատելու համար օգտատերի հարցի արդիականությունը, իսկապես բազմաթիվ դեպքերում մինչեւ Դուք հանձնարարական չեք իջեցենում համապատասխան պետական մարմինների ղեկավարներին, նրանք Օրենքը չեն կիրառում, որը լավ չէ՛։ Խնդրում եմ կամ այնպես արեք, որ թե՛ օգտատիրոջ, թե՛ բոլորիս մոտ փարատվի այդ տպավորությունը, որը շատ կարեւոր է ժողովրդավար երկրի համար, կամ Ձեր թիմի պաշտոնյաներին վարակեք Օրենքի պահանջները կատարելու նկատմամբ Ձեր հետեւողական օրինակով»։