Մամուլ

Պարզվեց, որ հիմնական խնդիրը այդ մարզիկների բանակային աշխարհի առաջնությանը մասնակցելն էր․ Փաշինյան

Oragir.News-ը գրում է․ Այսօր կառավարության հերթական նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրության շրջանում աղմուկ բարձրացրած «Բանակային աշխարհի առաջնությանը», ասաց, որ որոշակի կեղծ վերաբերմունք է տեսնում ՀՀ բանակի և այս առաջնության նկատմամբ։

«Ես տեսնում էի՝ հայտնի մարզիկներ զորակոչվում էին բանակ։ Տարօրինակ թվաց, որովհետև անհասկանալի էր, թե ինչ է տեղի ունենում։ Պարզվեց, որ հիմնական խնդիրը այդ մարզիկների բանակային աշխարհի առաջնությանը մասնակցելն էր։

Անկեղծ ասած՝ ես այդտեղ դիսոնանս տեսա, որովհետև որոշակի կեղծ վերաբերմունք տեսա ՀՀ բանակի և այս առաջնության նկատմամբ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով՝ ինչպե՞ս կարող ենք բանակը դարձնել մրցման մասնակցելու գործիք։

Oragir.News-ը կապ հաստատեց ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանի հետ, ով զրույցի սկզբում ասաց, որ չի լսել վարչապետի տվյալ ելույթը, ապա խնդրեց՝ իրեն տրամադրել նիստի այդ հատվածը։ Ուղարկելուց հետո չեմպիոնի հետ կապ հաստատել այլևս չհաջողվեց։ Սկզբում նրա հեռախոսահամարը զբաղված էր, ապա դարձավ անհասանելի։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արսեն Հարությունյանը գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեղեկացրել, որ չեն կարող մասնակցել առաջնությանը։

Արսեն Հարությունյան

«Հարգելի ընկերներ,

Վերջին ամիսների ընթացքում մենք անդադար աշխատել ենք՝ պատրաստվելով մեր երկրում անցկացվող «Բանակային աշխարհի առաջնությանը»։ Մեր թիմը մեծ ջանքեր է ներդրել՝ հասնելու լավագույն մարզավիճակին: Մենք խստորեն հետևել ենք դիետային, հաղթահարել ֆիզիկական ու հոգեբանական բարդություններ մեր երկրի պատիվը բարձր պահելու նպատակով։

Սակայն օրեր առաջ մեզ տեղեկացրին, որ չենք կարող մասնակցել առաջնությանը մեր ուժեղագույն կազմով: Ավելի ցավալի է, որ մեր առաջատար ըմբիշներին՝ այն մարզիկներին, ովքեր մեծ հնարավորություն ունեին չեմպիոն դառնալու, պարզապես դուրս են հանել մրցաշարի կազմից: Մեզ ոչ մի հստակ պատճառաբանություն չեն ներկայացրել, թե ինչու ենք նման որոշման առջև կանգնել:

Այս իրավիճակը մեզ համար չափազանց դժվար է՝ հոգեբանորեն և ֆիզիկապես: Այն աշխատանքը, որ կատարել ենք, այն զոհողությունները, որ կատարել ենք, մնում են անարդյունք: Սիրելի լրագրողներ , մենք չենք կարող պատասխանել ձեր իսկ տրված հարցերին, քանի-որ մենք ինքներս չգիտենք պատճառը։

Հստակ պատասխան իմանալու համար կապ հաստատեք ՊՆ մամուլի խոսնակի հետ և ձեր հարցերը հղեք նրանց: Մենք հստակ տեղեկատվություն չունենք պատճառների հետ կապված»,- գրել էր չեմպիոնը։

Կիսվել