Պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները թաքցրել է 1 միլիարդ և ավելի դրամ
ՊԵԿ հաղորդագրության համաձայն, «Գազպրոմ Արմենիա»-ի համակարգում ներառված մի շարք ձեռնարկություններում կատարված քննության և խուզարկությունների հիման վրա պարզվել է, որ այդ ընկերությունները համատեղ թաքցրել են մոտավորապես 1 միլիարդ և ավելի դրամ հարկային պարտավորություններ գազի իրացման փոքր ծավալներ ցույց տալու միջոցով: Հարուցվել է քրեական գործ:
Այդպիսով, Հայաստանում օրինականության և պետության հասցված վնասի վերականգնման, կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը հասավ Հայաստանի խոշոր հարկատուներից մեկին, որի առանձնահատկությունը, սակայն, այն է, որ ըստ էության հանդիսանում է համակարգային առանցքային կառույց:
«Գազպրոմ Արմենիա»-ն, պատսպարվելով դե ֆակտո հայ-ռուսական հարաբերության այսպես ասած վահանով, փաստորեն տարիներ շարունակ եղել է Հայաստանում պետություն պետության մեջ, իսկ այդ պետության գոյությունն այսպես ասած ակամա, բայց «շռայլորեն» ֆինանսավորել են Հայաստանի քաղաքացիները: Տարիներ շարունակ հնչել է հարց, թե ինչու է սահմանի վրա ստացվող էժան գազը սահմանից ներս թանկանում կրկնակի, եռակի:
Ահա պատասխանը՝ որովհետև ինչ-որ մարդիկ զբաղված են խարդախություններով, որոնք հետո դուրս են գրվում «սակագնի» վրա: Ամենաուշագրավն իհարկե այն է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում, «Գազպրոմ Արմենիա»-ի այսպես ասած նախկին ղեկավարությունը հայտնվել էր Հայաստանի ղեկավարության առաջին շարքերում՝ վարչապետ Կարեն Կարապետյան, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյան:
Արդյո՞ք նրանք կներգրավվեն հարուցված քրեական գործի շրջանակին, թե՞ ոչ: Իհարկե Կարեն Կարապետյանը «Գազպրոմ»-ը ղեկավարել է 2001-ից մինչև 2011-ը, իսկ Վարդան Հարությունյանն էլ դրանից հետո մինչև 2016 թվական, սակայն կա՞ մեկը, որ կարծում է, թե «Գազպրոմ Արմենիա»-ում եղել է հարկերից խուսափում, գազի սպառման ծավալների ավտոմատ նվազեցում, որից տեղյակ չեն եղել այդ կառույցը ղեկավարած նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք արդեն ղեկավարելիս են եղել կառավարությունը, զբաղեցրել են առանցքային պաշտոններ:
Նիկոլ Փաշինյանը նախօրեին Քննչական կոմիտեում հայտարարել է, որ իրենց նպատակը մարդկանց բանտեր նստեցնելը չէ, այլ պետությանը հասցված վնասը մինչև վերջին լուման վերականգնելը: Դա կարևոր հայտարարություն է՝ ուղղված թե՛ հանրությանը, թե՛ նաև միջազգային ներդրողներին, որ նրանք գիտենան՝ Հայաստանում չկա սեփականության վերաբաշխում կամ հաշվեհարդար, այլ կա պետության վերականգնում:
Բայց մինչև վերջին լուման վերականգնելու համար էլ թերևս պետք է պատասխանատվության շրջանակ ներառվի՝ ընդհուպ վերջին մարդը, որ չէր կարող չիմանալ տեղի ունեցողի մասին, ըստ այդմ, որը կարող է իմանալ յուրացրածի մասին բաներ, որոնք չգիտեն այլք: Միաժամանակ, անկասկած է, որ ինչպես Մարտի 1-ի գործը, այնպես էլ, խոշոր հաշվով, «Գազպրոմ Արմենիա»-ն, հանգուցային են նախկին իշխող համակարգի համար, շղթայական, դոմինոյի էֆեկտով:
Բանն այն է, որ գազի ոլորտը ներառում է նաև գազալցակայաններ, որոնք արդեն ընդլայնում են շրջանակը: Բանն այն է, որ գազալցակայանների բիզնեսը Հայաստանում տարիներ շարունակ եղել է ամենաեկամտաբեր և ամենաստվերային բիզնեսներից մեկը, որում խոշոր խաղացողներ են մի շարք հնչեղ անուններ, այդ թվում՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Ծառուկյանը, մի շարք օդիոզ դեմքեր, օլիգարխներ: Մինչև ուր կքանդվի գազի «կծիկը»:
Ի դեպ, ՊԵԿ տեղեկության ֆոնին հատկանշական է նախօրեին ստացված տեղեկությունը Նիկոլայ Գրիգորյանի՝ Գազի Կոլյայի ինքնասպանության վերաբերյալ, որ տեղի էր ունեցել երկու օր առաջ: Նիկոլայ Գրիգորյանը գազի համակարգի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն էր, «Տրանսգազ»-ի երկարամյա ղեկավարը: