Պարզվել է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի վարորդի ինքնությունը. ենթադրվում է, որ նա ադրբեջանցի է
Պարզվել է Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի վարորդի ինքնությունը. ենթադրվում է, որ նա ադրբեջանցի է
Քննիչները պարզել են Ղրիմի կամրջի վրա պայթած բեռնատարի տիրոջ ինքնությունը։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունում։
«Քննչական կոմիտեի քննիչները հետաքննության շրջանակներում պարզել են բեռնատարի եւ դրա սեփականատիրոջ տվյալները՝ նա Կրասնոդարի երկրամասի բնակիչ է։ Նրա բնակության վայրում ձեռնարկվել են քննչական գործողություններ»,- նշել են Քննչական կոմիտեից։ Այժմ ուսումնասիրվում է մեքենայի շարժման երթուղին եւ այլ փաստաթղթեր։
Շուտով սոցցանցերում տեսանյութ է հայտնվել, որում Ղրիմի կամրջի վրա պայթած մեքենայի ենթադրյալ սեփականատեր Սամիր Յուսուբովն ասում է, որ ինքը ոչ մի կապ չունի կատարվածի հետ։ 1996 թվականին ծնված տղամարդու խոսքով՝ բեռնատարն իրոք գրանցված է իր անունով, բայց դրանով աշխատում է ազգականը։
Ինչպես հայտնում է Baza Telegram-ալիքը, պայթած բեռնատարի ղեկին կարող էր լինել մեքենայի տիրոջ հորեղբայրը՝ 51-ամյա Մահիր Յուսուբովը։ Readovка-ն հայտնում է, որ Կազանի բնակիչ Մահիր Յուսուբովը, որը ծնունդով Վրաստանից է եւ ազգությամբ ադրբեջանցի է, բեռնափոխադրման ոլորտում աշխատել է մասնավոր կարգով եւ պարտքեր է ունեցել։
Տեղեկություններ կան, որ հարազատները տեսանյութից ճանաչել են նրան կամրջի մուտքի մոտ։ Մահիրը եղել է մեքենայի փաստացի սեփականատերը եւ վաղուց զբաղվել է փոխադրումներով։
РБК-ն, վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը, գրել է, որ բեռնատարի վարորդը պարարտանյութերի տեղափոխման պատվեր է ստացել ինտերնետի միջոցով։ Երեւի նրան օգտագործել են «կուրորեն», եւ նա չի իմացել ծրագրված ահաբեկչության մասին։
Mash Telegram-ալիքի փոխանցմամբ՝ բեռնատարի վարորդը Կրասնոդար տեղափոխվել է երկու տարի առաջ՝ ընտանիքի հետ միասին։