Պարզվել է Երևանյան լճի հարևանությամբ գործող «D&D» հյուրատան պայթյունի հիմնական պատճառը
Պարզվել է Երևանյան լճի հարևանությամբ գործող «D&D» հյուրատան պայթյունի հիմնական պատճառը
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները՝ տնօրեն Վազգեն Արտաշեսյանի գլխավորությամբ, Շենգավիթի տարածքային տեղամասի ծառայության աշխատակիցների հետ, համագործակցելով ոստիկանության Շենգավիթի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների հետ, ժամանել էին Բագրատունյաց պողոտայում գործող «D&D» հյուրատուն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, քննիչներն ու «Գազպրոմի» աշխատակիցներն ունեին լուրջ կասկածներ, որ նշված վայրում, որտեղ հոկտեմբերի 9-ին տեղի էր ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 2 հոգի տեղափոխվել էին Այրվածքաբանության Ազգային կենտրոն, հնարավոր է՝ «գազագողություն» է տեղի ունեցել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև վիրավորների ինքությունը, ովքեր ամուսիններ են և Արցախի Հանրապետության քաղաքացիներ։
Նախաքննության շահերից ելնելով, այս պահին նրանց տվյալները չենք հրապարակում Այսօր «Գազպրոմի» աշխատակիցները հատուկ սարքավորումներով մի քանի ժամ գործողություններ կատարելուց հետո հայտնաբերեցին հյուրատան պատի տակով անցնող մի քանի մետր երկարությամբ գազախողովակ, ժողովրդի լեզվով ասած՝ «լևի գիծ», որը միացված էր գազատար ցանցին։
Քիչ առաջ այդ ամենը ֆիքսվեց նաև Շենգավիթի քննիչի կողմից։ Իսկ տեղում հյուրատան սեփականատերը հայտնեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ գիծ է դա, ով կամ ովքեր են այն միացրել, իր կողմից ոչ մի անօրինական գործողություներ չեն կատարվել։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հոկտեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 2/8 հասցեում գործող «D&D» հյուրատանը պայթյուն է տեղի ունեցել։
Պայթյունի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։