Պարզվել է Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասնակից «Պազ»-ի, «Lexus»-ի վարորդների և 8 վիրավորների ինքնությունը, որոնցից 3-ը՝ անչափահասներ են
Երեկ՝ սեպտեմբերի 8-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է Արմավիր քաղաքի Մաքսիմ Գորկի և Սահմանապահների փողոցների խաչմերուկում «Պազ» մակնիշի ավտոբուսի և «Lexus»-ի բախման հետևանքով վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Պազ»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Ռոման Ս․-ն, իսկ «Lexus»-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ 34-ամյա Կամո Մ․-ն։
Վթարի հետևանքով վարորդները և ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 38-ամյա Սուսաննա Ա․-ն, 43-ամյա Մարինե Խ․-ն, 37-ամյա Անժելա Գ․-ն, 15-ամյա Է․ Ս․-ն, 12-ամյա Արմեն Ս․-ն, 6-ամյա Ռուբեն Մ․-ն, 35-ամյա Արմինե Ս․-ն և Սյունիքի մարզի բնակիչ 20-ամյա Գառնիկ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Սահմանապահների և Մաքսիմ Գորկի փողոցների խաչմերուկում բախվել էին «Lexus» մակնիշի ավտոմեքենան և «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի, որից 3-ը անչափահասներ էին, տեղափոխվել էին «Արմավիր» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության էին հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվ էին գործել «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը և օպերատիվորեն ժամանած ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանի և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Բախման հետևանքով «Lexus»-ը կողաշրջվել էր։
Օպերատիվորեն ժամանել էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին նույն վաշտի պարեկներ Աշոտ Ներսիսյանն ու Ջեմմա Երանոսյանը։
Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզում էին վարորդների և վիրավորների ինքնությունը։
Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի և «Lexus»-ի բախումը։