ՄամուլՏեսանյութ

Պարեկները հայտնաբերել են անօգնական վիճակում, արնաքամ լինող երիտասարդի

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հուլիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Քասախ գյուղի Արաբկիր փողոցում արնանման հետքեր կան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները հետախուզական աշխատանքներ են կատարել, որի արդյունքում, ոչ տեսանելի վայրում հայտնաբերել են վիրավոր ու անօգնական քաղաքացու։

Տեղում պարեկները իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ պահող դեղատուփից օգտագործել են անհրաժեշտ բժշկական պարագաներ, օգնություն ցուցաբերել վիրավորներին, իսկ վաշտի հրամանատար Դ․ Հովհաննիսյանը ահազանգել է շտապօգնություն ու դիմավորել բժիշկերի հերթապահ խմբին, քանի որ տեղանքը ժողովրդի լեզվով ասած՝ «խուլ վայր» էր։

Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո վիրավորին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 21։00-ի սահմաններում Քասախ գյուղի նշված փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ անհայտ անձը սուր կտրող, ծակող առարկայով հարվածել է Երևանի բնակիչ 33-ամյա Տրդատ Մ․-ին, ով «ձախ ազդրի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ շտապօգնության թիվ 23 խմբի կողմից տեղափոխվել է հիվանդանոց։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու, վիճաբանության մասնակիցների կամ մասնակցի ինքնությունը ճշտելու նրանց և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղությամբ։

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնել են, որ վիրավորի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում, սակայն եթե մի փոքր նա ուշ հայտնաբերվեր, հնարավոր է՝ արնաքամ լիներ, ինչը ողբերգական ավարտ կունենար։

Կիսվել