Մամուլ

Պարեկները գետնին ընկած կնոջը օգնել են. ճանապարհին այդ կնոջն ուղեկցող տղամարդը հարվածել է պարեկներից մեկի գլխին

Պարեկները գետնին ընկած կնոջը օգնել են. ճանապարհին այդ կնոջն ուղեկցող տղամարդը հարվածել է պարեկներից մեկի գլխին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու ևս մեկ դեպքի մի շարք հանգամանքներ:

ՔԿ-ից հայտնում են, որ ՀՀ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ պարեկային ծառայության երկու ծառայող,  2023թ. հունվարի 28-ին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս, ժամը 23:15-ի սահմաններում, լսելով օգնության կանչ, մոտեցել և առաջին բուժօգնություն են ցուցաբերել Կոմիտասի պողոտայում  գետնին ընկած մի կնոջ, նրան  նստեցրել են ծառայողական մեքենան և տեղափոխել «Արաբկիր» ԲԿ:

Ճանապարհին մեքենայում գտնվող հիշյալ կինը և նրան ուղեկցող տղամարդը սկսել են հայհոյանքներ հնչեցնել: Հասնելով բժշկական կենտրոն՝ նշված անձինք շարունակել են իրենց ոչ ադեկվատ պահվածքը:

Պարեկային ծառայության պարեկները պահանջել են չխոչընդոտել իրենց կողմից իրականացվող օրինական ծառայողական գործունեությանը, որի ընթացքում հիշյալ տղամարդը, գտնվելով «Արաբկիր» ԲԿ-ի մուտքի մոտ, մոտեցել է պարեկներից մեկին և բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ՝ աջ ձեռքով հարվածելով  գլխին:

ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված վարույթի շրջանակներում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, վերոնշյալ պարեկը ճանաչվել է տուժող:

Հարուցված հանրային քրեական հետապնդման հիման վրա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Կիսվել