Մամուլ

«Պատրաստ եմ աջակցել իմ փորձով». Արթուր Բաղդասարյան

«Պատրաստ եմ աջակցել իմ փորձով». Արթուր Բաղդասարյան

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, ցավով և խորացող մտահոգությամբ պետք է փաստենք, որ Հայաստանն օրըստօրե մխրճվում է տոտալ մանիպուլյացիաների և անպատասխանատու պոռոտախոսության, ստի և կեղծիքի խորացող և լճացման վտանգներ պարունակող քաոսի մեջ։

Պոռոտախոս ու անբարտավան, ինքնահավան և ստախոս, անկարող և անպիտան գործելաոճի հետևանքով մեր հայրենիքը հայտնվել է կատարյալ անկարողության և անտերության փոսի մեջ, ինչը նսեմացնում է մեր առաքինի և հերոսական ժողովրդի արժանապատվությունը։

Հասարակությունը ֆեյքախեղդ անելու, բարոյական բոլոր արժեքները նսեմացնելու, թույնը և ատելությունը, սուտը և կեղծիքը գեներացնելու, մարդկանց նկատմանբ հոգեկան բռնություն կիրառելու, ազգը սևերի և սպիտակի բաժանելու, ոչ յուրայիններին ֆեյքաբանակներով խեղդելու, ներհասարակական պառակտումն օրըստօրե խորացնելու արդյունքում երկիրը հայտնվել է ինստիտուցիոնայ ճգնաժամի մեջ։

Այն որ դեմարկացիան և դելիմիտացիան անհրաժեշտ է ցանկացած պետության համար, ներառյալ Հայաստանի, դա փաստ է, առավել ևս, որ հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ հասկանալի պատճառներով երբևիցե սահմանային ճշգրտման աշխատանքներ չեն արվել։

artur baghdasryan

Նույնքան հիմնավոր փաստ է սակայն նաև այն, որ այդ գործընթացի ցանկացած մեկնարկ, ցանկացած պայմանավորվածություն, առավել ևս ելնելով ստեղծված բարդագույն իրավիճակից և մեր ժողովրդի անվտանգությանը սպառնացող ահագնացող մարտահրավերներից, պետք է կատարվի այդ նպատակով ընդունված իրավական ակտերի հիման վրա, թափանցիկ և հրապարակային, քանի որ դա վերաբերվում է մեր հայրենիքին, դա վերաբերում է յուրաքանչյուր հայի։

Սույն հայտարարությամբ փաստում եմ իմ պատրաստակամության մասին աջակցելու իմ փորձով և կարողություններով առավել ևս, որ ոչ միայն ժամանակին զբաղվել եմ այս խնդիրներով, նախաձեռնողն ու հիմնական հեղինակն եմ եղել ՀՀ սահմանային անվտանգության ռազմավարության, այլ նաև քաջատեղյակ եմ խնդրի բոլոր նրբություններին, այդ թվում միջազգային փորձագիտական մակարդակով։

Հնարավոր շահարկումները բացառելու համար, մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ այս ընտրություններին մենք չենք մասնակցում և որևիցե պետական պաշտոն ստանձնելու հավակնություններ չունենք։ Այսօր, մեր հայրենիքի համար այս պատասխանատու պահին, անկախ ով է իշխանություն և ով ընդդիմություն, բոլորս պետք է փորձենք անել մեր կարողությունների չափով հնարավորինը Հայաստանին ծառայելու համար։ Եվ ես կատարում եմ իմ պարտքը»։

Կիսվել