Մամուլ

Պատրաստվել ոտքի ելնելու Հայաստանում անցումային նոր իշխանության ձևավորման պայքարի համար

Պատրաստվել ոտքի ելնելու Հայաստանում անցումային նոր իշխանության ձևավորման պայքարի համար

Հայտարարություն

Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելի մամուլի ասուլիսի վերաբերյալ

Ս․/թ․ մայիսի 14-ին Բրյուսելում Շառլ Միշել-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև եռակողմ հանդիպումից հետո ունեցած ասուլիսում Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հաստատել են փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչումը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա. Հայաստանի դեպքում՝ 29 800 քառ․ կմ, իսկ Ադրբեջանի դեպքում՝ 86 600 քառ․ կմ:

Ազգային-ժողովրդավարական Բևեռը գտնում է, որ Ալմա-Աթայի 21 դեկտեմբերի 1991թ․ հռչակագիրը չի կարող հիմք հանդիսանալ նման հայտարարության համար մի շարք պատճառներով:

Միջազգային փաստաթղթերը գործում են ամբողջության մեջ։

Վերոհիշյալ հռչակագրում մինչև հետևյալ ձևակերպումը՝ «ճանաչելով եւ հարգելով փոխադարձ տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անխախտելությունը», կան մի շարք հանձնառություններ, որոնք կոպտորեն ոտնահարվել են և ոտնահարվում են Բաքվի վարչախմբի կողմից։

Հետևաբար, փաստաթղթի ոտնահարման դեպքում, նրա առանձին վերցրած որևէ դրույթ չի կարող գործել։

Բացի այդ, Ադրբեջանը մինչ Ալմա-Աթայի հռչակագիրը` 1991թ․ օգոստոսի 30-ի «Ադրբեջանական հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» հռչակագրով և 1991 հոկտեմբերի 18-ի նույնանուն սահմանադրական ակտով (№222-XII) հրաժարվել է ԽՍՀՄ իրավա-քաղաքական ժառանգությունից, այդ թվում նաև ԽՍՀՄ ներպետական վարչական սահմաններից։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը բազմիցս է անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը և ողջունել ըստ միջազգային իրավունքի սահմանների հստակեցումը։

Ազգային-ժողովրդավարական Բևեռը գտնում է, որ տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը կարող են խարսխված լինել միայն միջազգային իրավունքի և անսակարկ արդարության հիման վրա։

Ուստի, տարածաշրջանում միջպետական սահմանները հստակեցնելու համար և դրանից առաջ, կողմերը պետք է դիմեն ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան՝ հստակեցնելու այն իրավական հենքը և միջազգային օրինական փաստաթղթերի ու քարտեզների շրջանակը, որոնց հիման վրա դա պետք է տեղի ունենա։

1920-1921թթ․ քեմալա-բոլշևիկյան ապօրինի գործարքների հիման վրա առաջացած իրողությունը և վարչական գծերը չեն կարող հիմք հանդիսանալ տարածաշրջանում կայուն, տևական և ընդգրկուն խաղաղության համար, քանի որ իսկզբանե գծվել են հայկական ինքնիշխան պետականության համար անկենսունակ պայմաններ ստեղծելու նպատակով։

Նման տարածք ունեցող երկիրը լավագույն դեպքում դառնալու է հայերի ռեզերվացիա, որը մի քանի տասնամյակ հետո կվերանա քարտեզի վրայից:

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին գիտակցել այս աղետաբեր եւ կործանարար իրողությունը և պատրաստվել ոտքի ելնելու Հայաստանում անցումային նոր իշխանության ձևավորման մոտալուտ պայքարի համար։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ, 15 մայիսի 2023թ․, ք․ Երևան

Կիսվել