«Պատրաստակամ եմ Ձեզ հետ աշխատելու մեր երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ». Էմանուել Մակրոն
«Պատրաստակամ եմ Ձեզ հետ աշխատելու մեր երկու երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ». Էմանուել Մակրոն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը։
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի պարոն Հանրապետության նախագահ,
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Ձեզ եմ հղում իմ ամենաջերմ շնորհավորանքները, ինչպես նաեւ հայ ժողովրդին մաղթում երջանկություն և բարօրություն:
Ֆրանսիան և Հայաստանը կարող են հպարտանալ, որ ունեն խորը հարաբերություններ, հիմնված պատմական կապերի, ընդհանուր հիշողության եւ տեսլականի վրա: Այդ հարաբերությունները հարուստ են հնարավորություններով, որ մեր պարտքն է զարգացնել:
Այն պահին, երբ Ձեր երկիրը բռնել է աննախադեպ փոփոխությունների ուղին, ուզում եմ Ձեզ վստահեցնել Ֆրանսիայի աջակցությունը կառավարության կողմից ձեռնարկված ծավալուն բարեփոխումների իրականացմանը, մասնավորապես մեր պատրաստակամությունը՝ Եվրոպական միության և Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցաբար, պաշտպանելու իրավական պետության ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունները:
Պատրաստակամ եմ Ձեզ հետ աշխատելու մեր երկու երկրների միջև գերազանց քաղաքական հարաբերությունները խորացնելու և մեր համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ: Շարունակելու եմ իմ աջակցությունը բերել մեր համատեղ ծրագրերին համալսարանական, կրթական, մշակութային և գիտական ոլորտներում:
Դրանով մենք կնպաստենք Ձեր երկրի երիտասարդության կրթությանը և կօգնենք Հայաստանին իր տեղն ամրապնդելու ֆրանկոֆոն ընտանիքում, ի շարունակություն Ֆրանկոֆոնիայի Երևանյան 17-րդ գագաթաժողովի հաջողության:
Պարոն նախագահ, կցանկանայի Ձեզ կրկին հայտնել Ֆրանսիայի հանձնառությունը և վճռականությունը, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ նպաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տեւական կարգավորմանը՝ ի շահ տարածաշրջանի կայունության և ժողովուրդների բարօրության:
Խնդրում եմ ընդունեք, պարոն նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը»։