Պատվաստանյութային պատերազմը հասունանում է. ի՞նչ կորոշի Հայաստանը
Պատվաստանյութային պատերազմը հասունանում է. ի՞նչ կորոշի Հայաստանը
1in.am-ը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինն ու Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդել Ազիզ ալ Սաուդը քննարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի համատեղ արտադրությունը, հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը: Պուտինը ռուսական պատվաստանյութի հետ կապված հարցերը քննարկել է տարբեր երկրների հետ, ընդ որում՝ մի հանգամանք վկայում է, որ հարցը Ռուսաստանի համար խիստ կարևոր է ու զգայուն:
Խոսքը Բելառուսի մասին է, երբ օրեր առաջ Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում Պուտինը պայմանավորվել էր, որ Բելառուսը կլինի առաջին երկիրը, որտեղ կառաքվի պատվաստանյութը: Հանգամանքը, որ բելառուսական թեժ զարգացումների ֆոնին Պուտինը Լուկաշենկոյի հետ քննարկում է պատվաստանյութի մատակարարման հարց, հուշում է, որ այդ հարցը ՌԴ նախագահի համար խիստ կարևոր քաղաքական օրակարգային հարց է:
Այդ առումով էլ հատկանշական է, որ, չնայած միջազգային մակարդակում պատվաստանյութի, այսպես ասած, դեռևս չհաստատվածությանը, տարբեր երկրներ քննարկում են Ռուսաստանի հետ պատվաստանյութին առնչվող հարցեր: Իսկ Սաուդյան Արաբիան այդ իմաստով, անշուշտ, վերջին երկրներից կամ պատահական երկիր չէ, որպեսզի ստիպված լինի քննարկել այդպիսի հարցեր:
Ահա այդ թոհուբոհի ֆոնին հատկանշական է երկու իրողություն: Լռություն է Հայաստանի հետ այդպիսի քննարկումների առումով, ինչը, թերևս, տարօրինակ է, հաշվի առնելով հայ-ռուսական փոխհարաբերությունը երկկողմ ու եվրասիական տիրույթում, և ուշագրավ է Ադրբեջանի պարագան, որտեղ խոսվում է քննարկումների մասին, սակայն ակնարկվում, որ դեռ չկա համաձայնություն:
Այդ երկու իրողությունները առնվազն առաջացնում են հարց՝ արդյո՞ք կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը առնվազն տողատակում ներգրավված է արցախյան կարգավորման գործընթացի կամ հայ-ադրբեջանական հակամարտության շրջանակում:
Պատվաստանյութն անշուշտ դառնալու է աշխարհաքաղաքականության գործիք, այստեղ, թերևս, չկա որևէ կասկած: Այդ իմաստով, մեծ է հավանականությունը, որ այն կարող է դառնալ աշխարհաքաղաքական ընտրության նոր առարկա՝ ումից ձեռք բերել պատվաստանյութը և որքան:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում