«Պատմեմ մի պատմություն նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի մասին». Արտակ Գալստյան
«Պատմեմ մի պատմություն նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի մասին»:
Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նոր ոստիկանապետ Վահե Ղազարյանի մասին՝ քաղաքացիների խնդրանքով: Մինչև Վահե Ղազարյանի մասին գրելը, ցանկանում եմ, որպեսզի մեր հայրենակիցները տեղեկանան հետևյալի մասին.
Ոստիկանությունն այն ժամանակ է արդյունավետ, ժողովրդի լեզվով ասած՝ ԴՈՒԽՈՎ աշխատում, երբ վստահ է, որ իր ոստիկանապետը կանգնած է իր թիկունքին, որ չի երկնչում այլ ուժային կառույցներից, այլ կերպ ասած՝ տեր է իր ոստիկանին, եթե, իհարկե, վերջինս կոպտորեն չի խախտել օրենքը:
Հենց այս համատեքստում էլ պատմեմ մի պատմություն Վահե Ղազարյանի մասին: Նրա հետ հանդիպել եմ 2015թ-ին, երբ վերջինս Իջևանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալն էր:
Սերժի իշխանությունը հարուցել էր հերթական շինծու քրեական գործը, որի քննությունը հանձնարարվել էր ՀՔԾ-ին և վերահսկվում էր պատվերով գործերի կնքահայր ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանի կողմից:
Ըստ վերևի ցուցումի՝ Իջևանի ոստիկանությունից պետք է դատապարտվեին մինիմում չորս օպերլիազոր, ոստիկանության և քրեականի պետերը: Սարքած գործը վերաբերում էր 2011 թ-ին և կոնկրետ Վահե Ղազարյանի հետ ոչ մի առնչություն չուներ, բայց վերաբերում էր իր ենթականերին՝ օպերլիազորներին: Որպեսզի պարզ լինի նյութը, հիշեցնեմ՝ այդ տարիներին, ոչ մի համակարգի աշխատող չէր համարձակվում ընդվզել ՀՔԾ-ի դեմ, այլ կերպ ասած, եթե ՀՔԾ-ն որոշել էր մարդ դատեր ոստիկանությունից, ապա ղեկավարությունը հեզաճկուն հանձնում էր իր աշխատակիցներին և բացարձակապես կապ չուներ՝ մեղավոր է այդ աշխատակիցը, թե՝ ոչ:
Այդ ժամանակ Իջևանի Ոստիկանապետի և քրեական հետախուզության պետի պաշտպանությունն ստանձնեց Սուսաննա Սարգսյանը և մենք ակամայից ներգրավվեցինք դրա մեջ: Անկեղծ զարմացա, որ մեկ օր անց մեզ այցելեց Վահե Ղազարյանը և ամբողջ քրեական գործի ընթացքում միայնակ չթողեց իր ենթակա օպերլիազորներին: Ըստ լուրերի՝ այդ ընթացքում նա նույնպես ենթարկվել էր ճնշումների, բայց, փաստորեն, չէր նահանջել:
Ինչևէ, համատեղ ջանքերով մեզ հաջողվեց ՀՔԾ-ի ճանկերից ազատել սկզբում չորս օպերլիազորի, իսկ հետագայում էլ մեղադրանքի վերակավորմամբ ազատության մեջ հայտնվեցին նաև ոստիկանապետը և քրեական հետախուզության պետը:
Ամփոփեմ, եթե Վահե Ղազարյանի՝ իր ենթականերին տեր լինելու, միայնակ չթողնելու բնավորության այս գիծը մնացել է նույնը, որում ես անձամբ չեմ կասկածում, ապա նրա ղեկավարած ոստիկանությունը կաշխատի արդյունավետ, այլ կերպ ասած՝ ԴՈՒԽՈՎ:
Ինչն էլ որ անհրաժեշտ է մեր հասարակությանը: Դե իսկ մնացածը՝ Ոստիկանապետի պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո: Առողջություն բոլորիս և Աստված պահապան»: