Մամուլ

Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը առաջարկում է տուգանքի չափը որոշել ըստ վարորդի մեքենայի արժեքի

Պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հանդես գալով հետևյալ հայտարարությամբ։

«Հարգելի վարորդներ,

Մեր քաղաքական թիմն ի սկզբանե հայտարարել է, որ մենք պետք է վերջ տանք «տուգանող ու պատժող պետություն» լինելուն։ Սրան հետեւում է, որ մասնավորապես ճանապարհատրանսպորտային տուգանքներ պետք է կիրառել բացառապես այդ խախտումները ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ նպատակով։ Միեւնույն ժամանակ, մենք բոլորս գիտենք, որ կանխարգելիչ դրամական տուգանքները պետք է համաչափ լինեն խախտում իրականացրած անձի եկամուտների հետ, որպեսզի այդ խախտման կրկնվելու հավանականությունը քչանա։ 

Արագության գերազանցման համար կիրառվող 20.000 դրամը մի վարորդի համար հսկայական բեռ է, մեկ այլ վարորդի համար՝ աննկատ գումար, այդ պատճառով ես ցանկանում եմ՝ քննարկենք այն տարբերակը, որ ճանապարհատրանսպորտային տուգանքների մինիմալ չափերն առնվազն երկու անգամ կրճատվեն, եւ դրանք բազմապատկվեն եկամտային գործակցով։ Եկամտային գործակիցը կարելի է պայմանականորեն հաշվել մեքենայի արժեքով։

Դիցուք՝ արագության գերազանցման համար եթե կամայական վարորդ այժմ պետք է վճարի 10.000 դրամ, ապա իմ առաջարկած տարբերակով նա կվճարի 5.000 դրամ բազմապատկած մեքենայի արժեքի գործակցով։Եթե մեքենան պայմանականորեն պատկանում է ամենաէժան մեքենաների դասին, ապա նա կվճարի 5000×1=5000 դրամ, իսկ եթե այն պայմանականորեն ամենաթանկ մեքենան է՝ 5000×10=50.000:

ՀԳ․ Ելակետ եմ ընդունում այն միտքը, որ որքան թանկարժեք է մեքենան, այնքան բարձր եկամուտ ունի սեփականատերը։

ՀԳ․ 2․ Բոլոր բերված թվերն օրինակներ են։

ՀԳ․ 3․ Բացի վերը նշվածից՝ առաջարկում եմ նաեւ որոշակի փոփոխություններ իրականացնել ճանապարհատրանսպորտային նշանների կահավորման մեջ։ Մասնավորապես, հաճախ այդ նշանները տեղադրված են ոչ թե վարորդներին օգնելու, այլեւ տուգանելու համար։ Օրինակ՝ «համայնքայն տարածք» նշանը հաճախ դրված է արագընթաց ճանապարհի վրա, որի շուրջ համայնքի որեւէ կառույց կամ բնակավայր չկա։

ՀԳ․ 4․ Առաջարկում եմ նաեւ կանխիկ վճարելու մեխանիզմը վերացնել․ սա պարունակում է կոռուպցիոն ռիսկ։ Ի՞նչ կարծիքներ կան, ՀՀ ոստիկանություն»։

Հարգելի վարորդներ,Մեր քաղաքական թիմը ի սկզբանե հայտարարել է, որ մենք պետք է վերջ տանք «տուգանող ու պատժող պետություն»…

Gepostet von Viktor Yengibaryan / Վիկտոր Ենգիբարյան am Montag, 18. März 2019
Կիսվել