Պատգամավորների միջնորդությունը մերժելը տարակուսելի է, մենք պայքարելու ենք. Շարմազանով
ՀՀ գլխավոր դատախազությունն այսօր մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պատգամավորների միջնորդությունը։
Ըստ դատախազության՝ նախաքննության այս փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը։ Այս որոշումը վրդովվեցրել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին։
Նա հայտարարեց, թե տպավորություն է ստացել՝ ընտրովի արդարադատություն է իրականացվում։ Հիշեցնենք, որ ՀՀԿ խմբակցությունից միջնորդությանը միացել էր չորս տասնյակ պատգամավոր, ՀՅԴ–ից՝ երեքը, «Ծառուկյան» խմբակցությունից միայն Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը։
«Քոչարյանի կալանքի դեպքով իմ մոտ հստակ կասկածներ կան, որ Հայաստանում գործում է ընտրովի դատավարություն։ Դատախազության մերժումը համոզիչ չէ։ Ինչ պիտի աներ Քոչարյանը, որ կալանքից դուրս լիներ, պետք է փախնե՞ր Հայաստանից, Քոչարյանը թուրքերից չի փախել, ձեզնից ո՞ւր պիտի փախներ։ Քոչարյանը փախնող լիներ, չէր գա։ Պատգամավորների 45 ստորագրությունը մերժելը, առանց հիմքի մերժելը ինձ համար զարմանալի եւ տարակուսելի է»,–ասաց ԱԺ փոխխոսնակը։
Հարցին՝ միայն պատգամավորների միջնորդությունը մերժելու որոշման վրա հիմնվելո՞վ է պնդում, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, Շարմազանովը պատասխանեց. «Էստեղ խնդիրը պատգամավորներին վստահել–չվստահելը չէ, այլ ընտրովի արդարադատությունը, ես էլի եմ ասում՝ 2 պատգամավորի ստորագրությամբ «Սասնա ծռեր»–ին՝ ահաբեկչություն իրականացնողներին ազատ եք արձակում, կալանքի միջոցը փոխում եք, եւ մարդը, որը ինքնակամ ներկայացել է, Արցախի հերոս է, Արցախի ու Հայաստանի նախագահ, դնում ենք մի կողմ ու քաղաքական մերժողականություն ենք ցուցաբերո՞ւմ, փորձում ենք թշնամու կերպար ստեղծե՞լ»։
Շարմազանովը դժվարացավ հայտնել, թե որն է լինելու ՀՀԿ–ի հաջորդ քայլը Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու գործում. «Հաջորդ քայլի մասին կասենք Վերաքննիչ դատարանի որոշումից հետո։ Ոչ մի թաքուն բան չենք անելու, ինչ–որ որոշենք՝ կանենք, որեւէ բանից չենք վախենում, որեւէ բանից կաշկանդված չենք, չունենք հայրենիք, որտեղ պիտի լինեն քաղաքական հետապնդումներ։ Մենք պայքարելու ենք հանուն արդարադատության՝ օգտվելով Սահմանադրությամբ սահմանված միջոցներից։ Քաղաքական պայքարի տարբեր միջոցներ կան»։
Շարամազանովը վստահեցրեց, որ ՀՀԿ–ն մտավախություն չունի, որ անազատության մեջ գտնվող Քոչարյանը Մարտի 1–ի գործով ՀՀԿ քաղաքական վերնախավից անուններ կհրապարակի։ «Մենք ոչ մի մտավախություն էլ չունենք, ի՞նչ անուն պիտի հնչեցնի, Մարտի 1–ի վերաբերյալ ես իմ կարծիքը հայտնել եմ դեռեւս 2008 թվականին։ Մենք Մարտի 1–ի բացահայտման ամենաշահագրգիռ կողմն ենք, որ բացահայտվեն տասը զոհերի մեղավորները»։
Աղբյուր՝ news.am