Մամուլ

«Պաշտոններին միշտ վերաբերել եմ որպես ծառայություն, ոչ թե շռայլություն»․ Ֆելիքս Ցոլակյան

Ինչպես հայտնի է՝ Շիրակի նախկին մարզպետ, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն Աժ արտահերթ ընտրություններին կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով: Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ որոշում կայացրեց նորից առաջադրվելու։

Ֆելիքս Ցոլակյանի բացառիկ հարցազրույցը ստորև․

-Պարոն Ցոլակյան, ինչո՞ւ որոշում կայացրեցիք ընդգրկվել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում և Ձեր թեկնածությունը կրկին առաջադրել Շիրակի մարզից՝ ռեյտինգային ընտրակարգով:

-Այո, ճիշտ եք, առաջադրվելու եմ ռեյտինգային ընտրակարգով` Շիրակի մարզից, բայց իմ թեկնածությունը ոչ թե ես ինքս եմ առաջադրել, այլ առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Ինչ վերաբերում է Ձեր հնչեցրած հարցին, ընդամենը մեկ բան կասեմ. դեռևս նախորդ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ես շիրակցիներին խոստացել էի, որ չեմ խաբելու, եթե կարողանամ, կօգնեմ, եթե ոչ, կասեմ՝ չեմ կարող, բայց երբեք չեմ խաբի: Կարծում եմ, որ այս ընթացքում ոչ միայն շիրակցիներն, այլ անգամ ինձ չճանաչող մեր բոլոր հայրենակիցները համոզվեցին, որ ինձ համար ժողովրդի շահից առավել շահ ուղղակի գոյություն չունի: Առաջադրվել եմ, որովհետև գտել եմ, որ իմ առաջադրվելով՝ կարող եմ օգնել ժողովրդին կապիտալացնել այն հաղթանակը, որը դեռևս վերջնականապես չի ամրագրվել։

-Այսինքն` հնարավոր է ընտրություններից հետո չվերցնե՞ք պատգամավորական մանդատը:

-Վաղ է դեռ խոսել և՛ ընտրությունների արդյունքների, և՛ իմ մանդատ վերցնելու կամ չվերցնելու մասին: Ամեն ինչ իր ժամանակն ունի, բայց մեկ բան ակնհայտ է. ես պետական ծառայող եմ, ողջ կյանքս ծառայել եմ ժողովրդին, որտեղ կորոշվի, որ իմ փորձն ու գիտելիքները պետք են, ես այնտեղ էլ ծառայելու եմ: Այդպես եղել է միշտ, ինձ համար երբեք ինքնանպատակ չի եղել այս կամ այն պաշտոնը, կարևորը, որ յուրաքանչյուրս՝ անկախ զբաղեցրած պաշտոնից, լինենք մեր տեղում և ազնիվ ծառայենք մեր ժողովրդին ու հայրենիքին։

-Խոսեցիք պետական ծառայության մասին, Դուք երկար տարիներ բարձրաստիճան պաշտոններ եք զբաղեցրել երկրորդ, երրորդ նախագահների օրոք: Ի՞նչ եք կարծում, այդ փաստը Ձեր «դեմ» կաշխատի այս ընտրություններին, եթե հաշվի առնենք նաև, որ Ձեր անունը կապվեց Մարտի 1-ի դեպքերի հետ:

-Այո, ես պաշտոններ եմ զբաղեցրել և՛ երկրորդ նախագահի օրոք, և՛ երրորդ նախագահի օրոք, բայց ես բարձր պաշտոններ եմ զբաղեցրել նաև առաջին նախագահի օրոք, նաև Սովետական Միության տարիներին: Առհասարակ պաշտոններին միշտ վերաբերել եմ որպես ծառայություն, ոչ թե շռայլություն: Ծառայություն հայրենիքին և սեփական ժողովրդին, իսկ երբ որ պաշտոնին որպես ծառայություն ես վերաբերում, ապա էական որևէ նշանակություն չունի, թե ով է կանգնած պետության ղեկին: Ճիշտ եք, մի անհաջող այդպիսի շահարկում եղավ, փորձեցին իմ անունը կապել Մարտի 1-ի ողբերգության հետ` պնդելով, թե ԱԱԾ պետի տեղակալի պաշտոնն եմ զբաղեցրել ու չէի կարող կապ չունենալ: Ավելի քան վստահ եմ, որ անգամ նյութի հեղինակը գիտեր, որ ես եղել եմ ԱԱԾ պետի՝ տնտեսական գծով տեղակալը, իսկ տնտեսական գծով տեղակալը օպերատիվ աշխատանքների հետ մեծ ցանկության պարագայում անգամ, չի կարող որևէ կապ ունենալ։ Սա պարզ ճշմարտություն է։

-Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցներից մեկում Ձեզ էր հղում արել ու ասել, թե Ցոլակյանից հարցրեք արդյո՞ք ինձ հետ է եղել է կոռուպցիոն սխեմաների մեջ, թե՞ ոչ:

-Այս հարցին մի քանի անգամ արդեն պատասխանել եմ. ես կոռուպցիոն որևէ կապի մեջ չեմ եղել որևէ մեկի հետ` ո՛չ երկրորդ նախագահի, ո՛չ էլ որևէ այլ պաշտոնյայի:

-Նախորդ ընտրությանը խաղաղության և հանդարտության կոչով հանդես եկաք, նշեցիք, որ համար մեկ խնդիրը համերաշխության մթնոլորտի պահպանումն է, այս անգամ նորից նույն կոչո՞վ եք հանդես գալու:

-Որևէ բան չի փոխվել այդ առումով, ինձ համար խաղաղության ու համերաշխության մթնոլորտի պահպանումը եղել և շարունակում է մնալ առաջնային: Ի՞նչ կապ ունի, թե ինչ ընտրություններ են, եթե չկարողանանք քաղաքակիրթ և խաղաղ մթնոլորտում ընտրություն անցկացնել, ապա ոչինչ չարժեն այն քվեները, որոնք քաղաքական ուժերը պետք է ստանան:

-Ինչքան մոտենում է ընտրությունների օրը, այդքան մամուլը ողողվում է տարատեսակ բամբասանքներով, Ձեր անունն էլ շահարկվեց մի քանի անգամ, ինչպե՞ս եք վերաբերում բամբասանքներին:

-Բամբասանքներին վերաբերում եմ նորմալ, քանզի բոլորը իրականությունը գիտեն, ժողովուրդն էլ թացը չորից տարբերում է, գիտի, թե ով ինչ է ասում ու ինչի համար է ասում։ Բացի այդ, բամբասանքներ միշտ են եղել, ժամանակը բոլոր հարցերի պատասխանը միշտ տվել է, հիմա էլ է տալու:

-Ի՞նչ կմաղթեք Ձեր քաղաքական ընդդիմախոսներին և հատկապես բամբասանք տարածողներին:

-Խիղճ և խաղաղություն…

Կիսվել