Մամուլ

Պայմանական վաղաժամ ազատ արձակված ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին կրկին կալանավորել են. Armlur.am

Քիչ առաջ պաշտոնապես Քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնեցին․

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ երեք քաղաքացիներ, որոնցից մեկը նախկինում ցմահ դատապարտված և պայմանական վաղաժամկետ ազատված, հանցակցելով այլ երկրում գտնվող անձանց հետ, իրացնելու նպատակով, մաքսանենգությամբ Հայաստան են տեղափոխել առանձնապես խոշոր չափերով «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ, որից հետո ձերբակալվել են ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից։

Երեք քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում:

Կոմիտեն չէր հայտնել ով է ցմահ դատապարտյալը։  Armlur.am-ի բացառիկ տեղեկություններով նա Աշոտ Մանուկյանն է, որը ազատ էր արձակվել 3 տարի առաջ։

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը դատապարտվել է 24 տարի առաջ 3 զինվորների սպանության համար, ինքը նույնպես զինծառայող է եղել։