Մամուլ

Պայմանագրային զինծառայողները «ՎԱԶ 2107»-ով գլորվել են ձորը

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 06։20-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ 21-ամյա Սուրեն Կ․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորակում։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 21-ամյա Սլավիկ Ա․-ն և 21-ամյա Ալիկ Բ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Վազգեն Կիրակոսյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը և ուղևորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել