Պայթյուն Վանաձորի գազալցակայանում․ կան վիրավորներ
Պայթյուն Վանաձորի գազալցակայանում․ կան վիրավորներ
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապահին գործող գազալցակայնում պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Լոռու գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի և 1-ին վաշտի հրամանատար Հրաչ Ամիրխանյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը։
Օպերատիվ են գործել Վանաձորի հիվանդանոցի բժիշկների շտապօգնության մի քանի խմբեր, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել գազալցակայանի հարակից շինությունում կոմպրեսատորի պայթյուն-հրդեհի հետևանքով վնասվածքներ ստացած 33-ամյա Արամ Միքայելյանին, 83-ամյա Ժորա Ավետյանին և 58-ամյա Արթուր Գևորգյանին։ Բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել վիրավորների կյանքը, ովքեր այս պահին գտնվում են հիվանդանոցում։
Պարեկները սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ շարունակում են հրդեհաշիջման աշխատանքը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները նշված գազալցակայանի աշխատակիցներն են։Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետի և հատկապես կարևոր գործերով 2 ավագ քննիչների գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները։Դեպքի մասին տեղեկանալով, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի կարգադրությամբ՝ դեպքի վայր են ժամանել Լոռու մարզպետարանաի համապատասխան վարչությունների ծառայողները։
Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանի հանձարարականով էլ՝ Վանաձորի քաղաքապետարանի համապատասխան բաժինների ներկայացուցիչները նույնպես ժամանել են դեպքի վայր, տեղում ծանոթանալով իրավիճակին։