Պայթյուններ Ռուսաստանի տարածքում
Պայթյուններ Ռուսաստանի տարածքում
Բրյանսկի մարզում երկաթուղային գծերի վրա գործադրվել է պայթուցիկ սարք: Նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը Տելեգրամում հայտնել է, որ Բրյանսկ-Ունեչա երկաթգծի 136-րդ կիլոմետրին գործի է դրվել անհայտ պայթուցիկ սարք, ինչի հետևանքով բեռնատար գնացքի լոկոմոտիվը, ևս յոթ վագոն ռելսերից դուրս են ընկել, որից հետո հրդեհ է բռնկվել։
Զոհեր և վիրավորներ չկան, երկաթուղային գծերը չեն վնասվել։ Տեղական իշխանությունը հայտնել է, որ գնացքը վառելիք և շինանյութ էր տեղափոխում։
«Ռուսական երկաթուղիները» միջադեպի պատճառ է անվանել «կողմնակի անձանց անօրինական միջամտությունը երկաթուղային տրանսպորտի աշխատանքին»։ Նախօրեին հաղորդվել էր, որ Բրյանսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարք է խոցվել:
Լենինգրադի մարզի Գատչինսկի շրջանում էլ պայթեցրել են Էլեկտրահաղորդման գծի մի հենասյուն, երկրորդում հայտնաբերվել է անհայտ առարկա, ենթադրաբար՝ պայթուցիկ սարք, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն:
Ներկայումս մասնագետները հետազոտում են վնասված գծի մյուս հենասյուները: Նահանգապետը Լենինգրադի մարզի բնակիչներին կոչ է արել զգոն լինել և կասկածելի անձանց ու առարկաների մասին հայտնել իրավապահ մարմիններին։