Մամուլ

Պայթյուն՝ Արմավիրի մարզում գործող գազալցակայաններից մեկում. կան վիրավորներ ու վնասված ավտոմեքենաներ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքում գործող գազալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգրոյանի գլխավորությամբ: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ լիցքավորելիս պայթել է «Գազել» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով 2 հոգի վնասվածքներ են ստացել, որոնցից մեկին օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն: 

Մյուս վիրավորին բժիշկները հետազոտել են, օգնություն են ցուցաբերել, սակայն այս պահին նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել: 

Պայթյունի հետևանքով վնասվել է նաև 2 ավտոմեքենա: 

Այս պահին պարեկները սահմանազատել են տարածքը: 

Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչոթյուն, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը, ովքեր այնուհետև կժամանեն դեպքի վայր: 

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է գազալցակայանի սեփականատիրոջ, վնասված ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունները:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։